KickStarter կայքում սկսվել է դրամահավաք oombrella խելացի անձրևանոցի թողարկման համար:
Կառուցվածքային տեսանկյունից oombrella-ն սովորական անձրևանոց է։
Անձրևանոցի «խելքը» գտնվում է վերջինիս կոթի մեջ տեղակայված փոքրիկ պարկուճում:
Ցուցիչները հետևում են լուսավորությանը, ջերմաստիճանին, ճնշմանը և խոնավությանը, ինչը բավական է, որպեսզի անձրևանոցը կանխատեսի անձրևը վերջինիս սկսելուց 15 րոպե առաջ: Բացի դա՝ պարկուճում կա Bluetooth ինտերֆեյս՝ սմարթֆոնի հետ միանալու համար, ինչպես նաև լուսային և ձայնային ցուցիչներ: Դա թույլ է տալիս կոթին ազդանշան արձակել ստացած զանգերի և ծանուցումների մասին, իսկ սմարթֆոնին՝ զգուշացնել օգտատիրոջը անձրև տեղալու մասին կամ այն մասին, որ օգտատերը մոռացել է անձրևանոցը: Ի դեպ, պարկուճը կարելի է գնել առանձին և միացնել այլ անձրևանոցի: Սակայն պարկուճի լիցքավորման և ինքնավարության մասին արտադրողն առայժմ, չգիտես ինչու, լռում է:
Կա փոքրիկ դետալ՝ տեղադրված անձրևանոցի վերջույթում, որը թույլ է տալիս միացնել էկշն-տեսախցիկ, օրինակ՝ GoPro, ինչը թույլ կտա, գտնվելով անձրևանոցի հովանու ներքո, տեսնել «ջրային աշխարհը»:
Հավելվածի օգնությամբ հնարավոր է վիճակագրություն հավաքել անձրևանոցի օգտագործման մասին, տեսնել անցած երթուղին և համապատասխան եղանակային պայմանները:
oombrella անձրևանոցը կթողարկվի երեք տարբերակներով՝ ծիածանագույն, սպիտակ և սև: Բացի դա՝ հնարավոր կլինի ընտրել երկու չափսերից մեկը:
Պարկուճն արժե 29 եվրո, անձրևանոցը՝ 59 եվրո: Արտադրողները նախատեսել են հավաքել 59 000 եվրո: Տվյալ պահին նորույթի պարտաստպան համար հավաքվել է 18 000 եվրո: Միջոցների հայթայթմանը մնացել է 31 օր:
Աղբյուրը՝ KickStarter