Ի՞նչն է կործանում ստարտափը․ 5 բան, որ չպետք է անել

  1. Գործողությունների պլանավորման բացակայություն

Ստարտափի հաջող մեկնարկը, իհարկե, կարևոր է, սակայն պակաս կարևոր չէ հետագա քայլերի պլանավորումը: Շատ հաճախ սկսնակ ձեռնարկատերերը անտեսում են այս քայլը, որի արդյունքում էլ խճճվում են բիզնեսի կառավարման դժվարությունների մեջ և ձախողվում: Պլանավորումը համարվում է անհրաժեշտ գործիք՝ բիզնեսը ճիշտ կառավարելու և զարգացնելու համար: Պլանավորումը կարելի է իրականացնել բիզնես պլանի, մարքեթինգային պլանի և ֆինանսական պլանի միջոցով, որոնք կօգնեն հստակ պատկերացում կազմել ողջ բիզնեսի ակնկալիքների, նպատակների և հետագա քայլերի մասին, և որի արդյունքում ձախողվելու հավանականությունը կնվազի:

  1. Սխալ ժամանակին և սխալ տեղում

Բիզնես գործունեություն սկսելու համար ժամանակը և տեղը շատ մեծ դեր են խաղում: Մինչ ընկերության բացման օրը պետք է ամեն ինչ մտածված և պատրաստ լինի, քանզի փորձը ցույց է տվել, որ ընկերության բացումից հետո կամ գործունեություն ծավալելու ընթացքում էական փոփոխություններ կատարելը՝ ինչպես օրինակ կոնցեպտի կամ ընտրված սեգմենտի փոփոխությունը բացասաբար է ազդում ընկերության գործունեության վրա: Պետք է ուսումնասիրել շուկան և հասկանալ, թե որն է ամենահարմար տեղը ապրանքը վաճառելու և հաճախորդներին հնարավորինս մոտ լինելու համար: Պետք է վստահ լինել, որ այն ապրանքը, որը դուք պատրաստվում եք վաճառել, շուկայում ունի պահանջարկ, բացի այդ պետք է նաև վստահ լինել, որ ապրանքը լիովին պատրաստ է շուկային ներկայացնելու համար: Մյուս կողմից, չպետք է ուշացնել ստարտափի մեկնարկը, քանզի մրցակիցները կարող են առաջ անցնել, և շուկային առաջինը ներկայացնել այն:

Կախված ապրանքի կամ ծառայության բնույթից հաշվի առեք սպասվող մեծ իրադարձությունները, միջոցառումները և տոները: Օրինակ, եթե մեկնարկեք ձեր գործունեությունը դեկտեմբեր ամսին, հավանաբար դրան բավականաչափ ուշադրություն չի դարձվի՝ հաշվի առնելով համացանցում իշխող նոր տարվա թեմայով գրառումները և տոնական ակցիաները: Հակառակ դեպքում, եթե Ձեր ապրանքը կամ ծառայությունը սերտ կապված է հենց տվյալ տոնի հետ, ապա այն մեկնարկելու համար ավելի հարմար ժամանակահատված հավանաբար չի լինի: Հաճախ ստարտափները ձախողվում են այս ամենը հաշվի չառնելու պատճառով, հետևաբար խորհուրդ է տրվում սահմանել վերջնաժամկետներ և ձգտել հասնել դրանց՝ համոզված լինելով, որ ընկերությունը լիովին պատրաստ է բացման:

  1. Ոչ հստակ նպատակների սահմանում

Սահմանելով հստակ նպատակներ՝ Դուք կհասկանաք, թե որտեղից պետք է սկսեք Ձեր բիզնեսը և ուր պետք է հասնեք: Իմանալով բիզնեսի զարգացման ուղղությունը՝ Դուք կմշակեք հատուկ քայլեր, որոնց օգնությամբ կհասնեք Ձեր առջև դրված բիզնես նպատակներին:

  1. Սեփական ապրանքի ու ծառայության թերագնահատում

Հաճախ սկսնակ բիզնեսի ղեկավարների վստահության պակասը և ձախողվելու վախը պատճառ է հանդիսանում թերագնահատելու սեփական ապրանքը և ծառայությունը: Արդյունքում նրանք նվազեցնում են ապրանքի և ծառայության գինը, և դա ազդում է նաև բրենդի ընկալման վրա, իսկ այդ ամենը վերականգնելը շատ երկար ժամանակ է պահանջում: Այդ իսկ պատճառով հարկավոր է մինչ բիզնես սկսելը պատշաճ ուսումնասիրել շուկան և վստահ լինել սեփական հնարավորությունների և արտադրանքի կամ մատուցված ծառայությունների որակի վրա:

  1. Ոչ համապատասխան աշխատակիցների ներգրավում

Ստարտափ ընկերությունները սովորաբար իրենց գործունեությունը սկսում են միջինում 3-4 աշխատակիցների ներգրավմամբ: Նրանք աշխատում են օրական 18 ժամ իրենց գաղափարը հանրությանը ճանաչելի դարձնելու համար: Սխալ աշխատակցի ընտրությունը մեծ ազդեցություն կունենա ընկերության վրա: Ստարտափների մոտ 25%-ը ձախողվում է փորձի, մոտիվացիայի, հմտությունների պակասի պատճառով: Հետևաբար ճիշտ աշխատակիցների ընտրությունը մեծ դեր է խաղում ընկերությունում, քանի որ նրանցից է կախված ընկերության գործունեության ապագան: