Մեծ Բիտանիայում Կորոնավիրուսի թեստերը կառաքեն դրոնների միջոցով

Շոտլանդիայի առողջապահության ազգային ծառայությունը (NHS) պայմանագիր է կնքել Skyports բրիտանական ընկերության հետ։ Պայմանագրի հիմքում բժշկական պարագաների, Covid-19-ի թեստերի ու անհատական պաշտպանական միջոցների առաքումներն են դրոնների միջոցով։ Այս մասին հայտնում է Aviation Week-ը։

Փորձարկման շրջանակներում անօդաչու թռչող սարքերը բժշկական պարագաներ կտեղափոխեն Մեծ Բրիտանիա կղզում գտնվող Lorn & Islands և Մալլ կղզում գտնվող Mull & Iona Community հիվանդանոցների միջև։ Նրանք գտնվում են իրարից մոտ 17 կիլոմետր հեռավորության վրա, իսկ երթուղու մեծ մասն անցնում է ջրի վրայով։

Առաքումների համար կկիրառվեն Wingcopter դրոնները։ Նման դրոնի բեռատարողությունը մինչև 6 կիլոգրամ է։ Եթե փորձարկումը հաջող անցնի, Covid-19-ի թեստերը հնարավոր կլինի ստանալ հարցումից 15 րոպե անց։ Հիմա փոխադրումը տևում է մոտ 6 ժամ, քանի որ տեղափոխում են մեքենայով ու մոտորանավակով, գրում է N+1-ը։