Huawei-ը կներկայացնի Android և Windows Phone ՕՀ-երով աշխատող սմարթֆոն

HUAWEI-LTE-4GHuawei ընկերությունը պատրաստվում է 2014-ի երկրորդ եռամսյակում թողարկել այնպիսի սմարթֆոն, որը կաշխատի երկու օպերացիոն համակարգերով՝ Android և Windows Phone: Այս մասին գրում է Trusted Reviews պարբերականը:

Huawei-ի մարքեթինգի ղեկավար Շաո Յանգի կարծիքով՝ սարքը հետաքրքիր կլինի սպառողների լայն զանգվածին: «Անցումը Windows Phone օպերացիոն համակարգին դժվար է օգտագործողների համար, սակայն եթե նրանք հնարավորություն ունենան օգտագործելու երկու համակարգերն էլ, շատ ավելի հեշտ կլինի նման սարքի նախապատվություն տալը», — նշել է Յանգը:

Ընկերությունը դեռ չի հաղորդել սարքի տեխնիկական տվյալներն ու առանձնահատկությունները: Ավելի վաղ այն ներկայացրել է Windows Phone-ով աշխատող երկու մոդել՝ Ascend W1 և W2:  IDC վերլուծական ընկերության տվյալներով՝ 2013-ին Huawei-ը սմարթֆոնների շուկայում ունեցել է 4,9% մասնաբաժին՝ զիջելով Samsung-ին և Apple-ին:

Աղբյուրը՝ trustedreviews.com