Բացի Motorola-ից, այսօր նաև կորեական LG ընկերությունն է հայտնել նոր «խելացի» ժամացույցի թողարկման մասին՝ համատեղ Google-ի հետ: LG G Watch կրելի սարքն աշխատում է Google-ի Android Wear ադապտացված ՕՀ-ով:
Այս ժամացույցը համատեղելի է լինելու մի շարք Android սմարթֆոնների հետ՝ հնարավորություն տալով օգտագործողին փոխանցել զանգերը ժամացույցին և պատասխանել դրանց ձայնային հրամանով՝ «OK Google»:
Android Wear-ը հնարավորություն կտա նախագողներին մշակել հավելվածներ կրելի սարքերի համար: LG-ն նույնպես մտադիր է շուկա հանել իր խելացի կրելի սարքը 2014թ. 2-րդ եռամսյակում:
Սարքի մասին հավելյալ տեղեկություններ՝ ներառյալ տեխնիկական պարամետրերը, կներկայացվի մոտակա ամսվա ընթացքում: Հնարավոր է, որ սարքի պաշտոնական շնորհանդեսը կայանա հունիսին անցկացվող նախագծողների կոնֆերանս Google I/O-ին: