Երեկ երեկոյան Սիեթլում ինտերնետ ընկերություն Amazon-ը վերջապես ներկայացրեց իր բրենդային սմարթֆոն Fire Phone, որի մասին լուրերը արդեն 2 տարի է, ինչ շրջանառվում էին մամուլում և համացանցում:
Amazon Fire Phone-ը հագեցած է քառամիջուկ Qualcomm Snapdragon 2.2ԳԳց հաճախականությամբ պրոցեսորով և Adreno 330 գրաֆիկայով: Սմարթֆոնն ունի 2Գբ օպերատիվ հիշողություն, 13Մպ հիմնական ֆոտոխցիկ՝ f/2 բացվածքով և պատկերի օպտիկական ստաբիլիզացիայով, երկու ստերեոդինամիկ՝ Dolby Digital Plus տեխնոլոգիայով, համատեղելի է 4G LTE ցանցերի հետ:
Ֆոտոխցիկը կառավարելու համար սարքում կա հատուկ կոճակ, իսկ լուսանկարները ավտոմատ պահպանվում են Cloud Drive ամպային ծառայությունում:
Fire Phone-ի դիմային և ետնային կաղապարները պաշտապված են վնասվածքներից՝ Gorilla Glass ամուր ապակու շնորհիվ: Սմարթֆոնն ունի խցիկի 6 մոդուլ, որոնցից 4-ը պատասխանատու են օգտագործողի գլխի շարժումների համար՝ նպատակ ունենալով ապահովել եռաչափ պատկեր և կառավարել սարքը ժեստերով: Գլխի շարժումներին հետևող համակարգը ստացել է Dynamic Perspective անվանումը: Յուրաքանչյուր մոդուլ ունի 120 աստիճան տեսանելիության անկյուն և ինֆրակարմիր լույս:
Սմարթֆոնի կարևոր ֆունկցիաներից մեկը Firefly-ն է, որը կարողանում է միկրոֆոնի կամ ֆոտոխցիկի միջոցով ճանաչել տարբեր բովանդակություն՝ գրքեր, երգեր, DVD և CD, որոնք կարելի է գտնել և ձեռք բերել Amazon-ի օնլայն խանութից:
Սարքն աշխատում է Fire OS 3.5 ՕՀ-ով, որը նախագծված է Android-ի հիմքով:
Մոտակա ժամանակում հասանելի կլինի սմարթֆոնի նախնական օնլայն պատվեր կատարելու հնարավորությունը, որի մատակարարումը կմեկնարկի հուլիսի 25-ին:
Fire Phone-ի 32Գբ տարբերակը կկազմի 199 դոլար (ԱՄՆ օպերատորի հետ 2 տարի պայմանագրի դեպքում), իսկ 64Գբ տարբերակը՝ 299 դոլար: