12,9 դյույմանոց iPad Pro-ն կստանա Bluetooth-ստիլուս և Force Touch էկրան

AppleInsider-ը նոր տեղեկություններ է հաղորդել Apple-ի պլանշետի մեծ տարբերակի մասին, որը կկոչվի iPad Pro։ Ըստ աղբյուրի՝ ընկերությունը մոտ ապագայում կթողարկի վերոնշյալ մոդելը, որը կունենա 12,9 դյույմանոց էկրան, NFC մոդուլ, որը թույլ կտա պլանշետը վերածել Apple Pay-ով կատարվող վճարումների տերմինալ։ Բացի այդ՝ NFC-ը կհեշտացնի անլար աքսեսուարների միացումը։ Խոսքը ստիլուսի մասին է, որն, ըստ աղբյուրի, կներկայացվի պլանշետի հետ միասին։

Նշվում է նաև, որ պլանշետի էկրանը կունենա Force Touch ֆունկցիան, ինչը նշանակում է, որ էկրանը կկարողանա «զգալ» հպման ուժգնությունը։ Սա թույլ կտա հավելյալ ֆունկցիաներով համալրել Bluetooth-ստիլուսը։ Սպասվում է նաև, որ պլանշետը կունենա USB-C պորտ։ Թե կոնկրետ երբ կթողարկվի նորույթը, առայժմ հստակ տեղեկություններ չկան։

Աղբյուրը՝ AppleInsider