Դիջիթեք բիզնես ֆորումի ընթացքում կանցկացվի խելացի լուծումներ կիրառող ընկերությունների մրցանակաբաշխություն

8-րդ ամենամյա Դիջիթեք բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 19-ին և 20-ին: «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» կարգախոսը կրող բիզնես ֆորումի նպատակն է աջակցել գործարար ոլորտի զարգացմանը, ստեղծել արդյունավետ պայմաններ արդի տեխնոլոգիական լուծումների ծանոթացման և  փոխանակման համար:

Երկօրյա բիզնես ֆորումի ընթացքում կլինեն պլենար նիստեր, գործարար ներկայացումներ,  ցուցահանդես, սեմինարներ, կլոր սեղաններ, գործարար հանդիպումներ տեղական ու միջազգային գործարար համայնքի, փորձագետների և պետական մարմինների մասնակցությամբ: Ֆորումի թեմաներն են՝ տուրիզմ, առևտուր, գյուղատնտեսություն, շինարարություն ու հանքաարդյունաբերություն, ֆինանսաբանկային ոլորտ, էլեկտրոնային առևտուր, առողջապահություն, կրթություն և տրանսպորտ:

Այս տարի ֆորումի ժամանակ առաջին անգամ կանցկացվի խելացի լուծումներ կիրառող ընկերությունների մրցանակաբաշխություն:

«Այսօր արտասահմանյան և դրանց ամենևին էլ չզիջող հայկական ՏՏ ընկերություններն առաջարկում են բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ արդյունավետ բիզնեսի կառավարման համար: Իսկ խելացի գործարարներն ու ղեկավարները լավ գիտակցում են, որ ձեռներեցության և, առհասարակ, աշխատանքի կառավարման արդյունավետությունն ու անվտանգությունը մեծապես կախված է  նաև տեխնոլոգիական լուծումների կիրառումից: Դիջիտեք բիզնես ֆորումի շրջանակներում առաջին անգամ անցկացվող մրցանակաբաշխությունը մեզ հնարավորություն կտա  ռեալ գնահատելու ստեղծված պահանջարկի և առաջարկի հարաբերակցությունն ու որակը»,-նշում է միջոցառման կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։