Երբ թողարկվեց OnePlus One սմարթֆոնը, շատ լավ սարքային տվյալների ու մատչելի գնի շնորհիվ արագ գտավ իր սպառողին ու մեծ ճանաչում բերեց OnePlus ընկերությանը։ Այժմ շուկայում ամենաշատն աչքի ընկնող մոդելներից է Samsung Galaxy S6-ը։ Հետաքրքիր է, կարո՞ղ է արդյոք մի քանի օր առաջ թողարկված OnePlus 2 մոդելը մրցել Samsung-ի առաջատար մոդելի հետ։
Դիզայն
OnePlus-ի նոր մոդելը բավական շատ է աշխատել OnePlus 2 սմարթֆոնի դիզայնի վրա, ընդ որում՝ կա հեռախոսի կափարիչները փոխելու հնարավորություն։
Իսկ Samsung Galaxy S6-ը, թերևս, Samsung-ի առաջին առաջատար սմարթֆոնն է, որը դիզայնի առումով թերություններ չունի․ ալյումինային շրջանակն ու Gorilla Glass 4 ապակին շատ լավ տեսք են ապահովում գաջեթի համար։
Ինչ վերաբերում է ֆիզիկական կոճակներին, ապա OnePlus 2-ի և Samsung Galaxy S6-ի էկրաններին մեկ կոճակ կա, որը վերադարձնում է հեռախոսի գլխավոր էկրանին, ինչպես նաև ծառայում որպես մատնահետքի սկաներ։ OnePlus 2-ի ձախ կողմում կա կոճակ, որը թույլ է տալիս արագ կարգավորել ծանուցումներն ու ընտրել ազդանշանների ձայնի բարձրությունը։
Չափսերով սարքերը տարբերվում են․ OnePlus 2-ն ունի ավելի մեծ՝ 5,5 դյույմանոց էկրան, իսկ սմարթֆոնի հաստությունը 3մմ-ով ավել է S6-ից, քանի որ OnePlus 2-ի տեսախցիկը դուրս չի գալիս պատյանի սահմաններից, ինչպես S6-ի դեպքում է։
Էկրան
OnePlus 2-ի LCD-էկրանը չի տարբերվում OnePlus 1-ի էկրանից։ Չափսն ու թույլատրելիությունը նույնն է՝ 5,5 դյույմ, Full HD, 401 ppi:
Samsung Galaxy S6-ի Super AMOLED էկրանն ունի 5,1 դյույմ՝ QHD թույլատրելիությամբ և 577 ppi խտությամբ։
Տեսախցիկ
S6-ի տեսախցիկը էտալոնային է, որի հետ կարող է համեմատվել միայն LG G4-ի տեսախցիկը։ OnePlus 2-ն ունի 13 ՄՊ տեսախցիկ՝ լազերային ավտոֆոկուսով։
ԾԱ և արտադրողականություն
Երկու սարքերն էլ ունեն իրենց առանձին ինտերֆեյսը։ S6-ում՝ TouchWiz-ն է, ընդ որում՝ Samsung-ն առաջարկում է օգտագործել Microsoft-ի տարբեր հավելվածներ, օրինակ՝ One Drive՝ երկու տարվա անվճար լիցենզիայով և 100 ԳԲ ծավալ տարածքով։ Սա microSD-ի հնարավորության բացակայության փոխհատուցումն է։
OnePlus 2-ում օգտագործվում է OxygenOS, որը հիմնված է Android 5.1 Lollipop ՕՀ-ի վրա։
Ինչ վերաբերում է արտադրողականությանը, ապա, ըստ AnTuTu-ի, OnePlus-ի նորույթը հավաքել է 50 000 միավոր, իսկ S6-ը՝ 60 000։
Բացառիկ հնարավորություններ
OnePlus 2-ը համալրված է USB Type-C մուտքով։ Իսկ որպես երկու մոդելների առավելություն՝ կարող ենք նշել մատնահետքի սկաներները, որոնք երկուսն էլ հիանալի են աշխատում։
Տեխնիկական բնութագիր
Samsung Galaxy S6-ն այս պահին ամենահզոր սմարթֆոններից մեկն է՝ ութամիջուկ 64-բիտային Exynos 7420 պրոցեսորի շնորհիվ։ One Plus 2-ն աշխատում է Snapdragon 810-ով, որը ունի որոշակի խնդիրներ, հատկապես գերտաքացման հետ կապված։ Սակայն One Plus ընկերությունը մի քանի անգամ հայտարարել է, որ սմարթֆոնում տեղադրվել է պրոցեսորի նորացված տարբերակը։
OnePlus 2-ն ունի 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, իսկ Galaxy S6-ը՝ ընդամենը 3 ԳԲ։
OnePlus 2-ի մարտկոցը 3 300 մԱժ է, որն ապահովում է նաև Quick Charge 2.0 արագ լիցքավորման տեխնոլոգիա։ S6-ի մարտկոցն ավելի թույլ է՝ 2 550 մԱժ, սակայն այս սմարթֆոնը կարողանում է բավական երկար ծառայել։
Եզրակացություն
OnePlus 2-ի ու Samsung Galaxy S6-ի գնային տարբերությունը մոտ 200 դոլար է՝ ի օգուտ առաջինի։ Այլ ցուցանիշներով երկու մոդելներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները՝ կախված այն բանից, թե որ հատկանիշներն են առավել կարևոր գնորդի համար։
Աղբյուրը՝ AndroidPit