Samsung-ը ներկայացրեց Galaxy S6 Edge+ սմարթֆոնը (տեսանյութ)

Unpacked միջոցառմանը Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց աջ և ձախ կողմերից կորացած էկրանով Galaxy S6 Edge+ սմարթֆոնը, որն ունի HD AMOLED-էկրան՝ 5,7 դյույմ անկյունագծով։ Նշենք, որ հինգ ամիս առաջ ներկայացրած Galaxy S6 Edge-ի էկրանը 5,1 դյույմանոց է։ Edge+-ի երկարությունը 155,4 մմ է, լայնությունը՝ 75,5 մմ, իսկ հաստությունը՝ 6,9 մմ։

Նոր մոդելն աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով, ունի ութամիջուկ Exynos 7420 պրոցեսոր, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Մարտկոցն ավելի տարողունակ է՝ 3000 մԱ·ժ։ Համեմատության համար նշենք, որ Edge-ի մարտկոցը 2600 մԱ·ժ է։ S6 Edge+-ն ունի նաև արագացված անլար լիցքավորման հնարավորություն։

Galaxy S6 Edge+-ում ավելացվել է նաև հավելվածների պատկերակները կորացած հատվածում տեղադրելու հնարավորություն։

Սմարթֆոնը վաճառքի դուրս կգա օգոստոսի 21-ին ՝ 32 և 64 ԳԲ ներքին հիշողությամբ, համապատասխանաբար $779 և $859 արժողությամբ։