Ինչո՞ւ է iPhone-ի բոլոր նկարներում ժամացույցը ցույց տալիս 9:42 կամ 9:41

Իսկ դուք ուշադրություն դարձրել եք այն հանգամանքին, որ արդեն մի քանի տարի է՝ iPhone-ի գովազդային բոլոր նկարներում ու սքրինշոթներում կրկնվում են նույն թվերը՝ 9:41 կամ 9:42: Այս օրինաչափությունը շարունակվեց նաև iPad պլանշետի թողարկումից հետո։

Արդյո՞ք այս թվերի ընտրությունն ինչ-որ նշանակություն ունի։ Տվյալ հարցը շատ էր հետաքրքրում Secret Lab ընկերության գլխավոր մշակող Ջոն Մաննինգին, ով փորձում էր պարզել պատասխանը։ Ոչ մի տրամաբանական պատճառ նա այդպես էլ չէր գտնում, մինչև մեկ օր Apple-ի՝ Պալո Ալտոյում գտնվող խանութում չհանդիպեց Apple-ի ավագ տնօրեններից մեկին՝ Սքոթ Ֆորսթալին։

Ջոնը մոտեցավ Սքոթին ու տվեց իրեն այդքան հուզող հարցը՝ ինչո՞ւ 9:41 կամ 9:42։ Ֆորսթալը պատասխանեց հետևյալը․ «Երբ մենք ներկայացնում ենք նոր արտադրանք, ապա աշխատում ենք, որ շնորհանդեսի ժամանակ սարքի ներկայացման ժամանակը համընկնի սքրինշոթներում պատկերված ժամին։ Սովորաբար նոր արտադրանքը ներկայացվում է 9:40 րոպեին, սակայն միշտ էլ ուշացումներ լինում են, այդ պատճառով ընտրվեց 9:41 կամ 9:42»:

2007-ի հունվարի 9-ին՝ առավոտյան ժամը 9-ին, Սթիվ Ջոբսը բարձրացավ Macworld Conference & Expo-ի բեմ, իսկ 40 րոպե անց ներկայացրեց առաջին iPhone-ը։ Փաստորեն, գովազդային նկարներում պատկերված 9:42-ն առաջին iPhone-ի ներկայացման ժամանակն է։