Գործարկվել է աշխարհի առաջին «լողացող» դատա-կենտրոնը

Nautilus Data Technologies ստարտափը ստեղծել է աշխարհի առաջին դատա-կենտրոնը, որը գտնվում է ջրի վրա: Ընկերության հիմնադիր Առնոլդ Մագքեյլի (Arnold Magcale) խոսքով` «լողացող» դատա-կենտրոնները, ի տարբերություն սովորականների, ունեն հետևյալ առավելությունները. դրանք հեշտ է տեղափոխել, բացի այդ` երկրաշարժերն ու պատերազմները վտանգ չեն ներկայացնում այս կենտրոնների համար: Ինչ վերաբերում է փոթորիկներին, ապա այս կենտրոնները կարողանում են ջրի ուժեղ տատանման պայմաններում պահպանել կայունությունը:

Nautilus Data Technologies-ը հիմնադրվել է 6 տարի առաջ, $25 մլն դոլար ներդրումներ ստանալուց հետո ընկերության նախագծերը սկսել են իրականություն դառնալ: Այժմ լողացող դատա-կենտրոնը գտնվում է Սան Ֆրանցիսկոյից 30 կմ հեռավորության վրա: ԴԿ-ի հզորությունը 8 ՄՎտ է:

Մի քանի ամերիկյան ընկերություններ արդեն դիմել են Nautilus-ին` սերվեր գնելու համար. դրանց թվում են A10 Networks, Applied Materials ընկերությունները: Ներկա պահին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը ևս մտադրություն ունեն անցում կատարել շարժական դատա-կենտրոններին:

Նշենք, որ վերոնշյալ դատա-կենտրոններն 50%-ով ավելի էներգախնայող են, քան ստանդարտ ԴԿ-ները: Սա հնարավոր է դարձել ծովային ջրով սառեցման նոր տեխնոլոգիայի հաշվին: