Այս գեղեցիկ քարտեզների օգնությամբ կբացահայտեք, թե ինչպես են «հնչում» քաղաքները

Քաղաքային ձայները, ինչպիսիք են մեքենաների ազդանշանները, շինարարական գործիքների աղմուկը, տարբեր կառույցներից հնչող երաժշտությունը և թռչունների ծլվլոցը, մեծ ազդեցություն ունեն մեր կյանքի վրա: Այս քարտեզները հավաքում են այդ ինֆորմացիան մեկ հարկի տակ, որպեսզի Դուք կարողանաք բացահայտել, թե ինչպես են «հնչում» քաղաքներն ամբողջ աշխարհում:

մապ1

Chatty Maps նախագծի հեղինակներն են Դանիել Քուերիկան, Լիկա Մարիան, Ռոզանո Շիֆանելլան և Ֆրանչեսկո Ալետտան: Քարտեզում առկա են Լոնդոնը, Բարսելոնան, Մադրիդը, Նյու Յորքը և Բոստոնը, նկարները վերցվել են Flickr-ից: Օգտագործված են նաև Freesound աուդիո շտեմարանում առկա ձայները:

Ծառայությունը մշակող թիմը ստեղծել է ալգորիթմեր, որոնք վերլուծում են հազարավոր լուսանկարներ, հետևում են թրենդներին և կապակցված բառերին: Դա թույլ է տալիս նրանց կառուցել «քաղաքային ձայների բառարան», որտեղ ձայների տեսակները տեղակայվում են քաղաքի քարտեզի վրա: Նրանք նաև հեշտացրել են գործընթացը՝ խմբավորելով բառերը հինգ կատեգորիաներում: Դրանք պատկերված են քարտեզի վրա հետևյալ կերպ՝ երթևեկություն (կարմիր) ,բնություն և կենդանիներ (կանաչ), մարդիկ (կապույտ), երաժշտություն (դեղին) և մեխանիկական (մոխրագույն):

Սեղմելով փողոցի վրա՝ կարող եք տեսնել հնչյունների խարնուրդ. հնարավոր է մարդկանց և կենդանիների ձայներ գան մոտակա այգուց, երաժշտություն և մարդկանց գոռգոռոց բարի մոտից կամ պարզապես երթևեկության ձայներ խցանված ճանապարհներից:

Հետազոտողները նաև ուսումնասիրել են քարտեզի վրա տեղակայված ձայների և էմոցիաների, ընկալումների միջև կապը: Նրանք հայտնաբերել են, որ մարդկային հնչյունները, ինչպիսիք են ծիծաղը և խոսակցությունը, ավելի շատ փոխկապակցվում են ուրախության կամ զարմանքի հետ, երթևեկության և մեխանիկական ձայները՝ ջղայնության կամ վախի հետ, կենցաղային կամ կրոնական ձայները՝ վստահության, և երաժշտական ձայները՝ ուրախության, տխրության կամ երկուսի հետ միասին:

Աղբյուրը՝ Gizmodo