iPhone-ի և iPad-ի հիմնական թերություններից մեկն այն է, որ դրանք չունեն արտաքին հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն: Այս խնդիրը հատկապես զգացվում է 16 ԳԲ-ոց տարբերակն օգտագործողների մոտ: Այս ներքին հիշողությունը նախատեսված է ոչ միայն լուսանկարների, երաժշտության, տեսահոլովակների և նման այլ մեդիաֆայլերի, այլև ստացված և ուղարկված հաղորդագրությունների պահպանման համար:
Եթե Դուք հաճախ եք օգտագործում Ձեր i-սարքը այլ մարդկանց հետ շփվելու համար, ապա, հավանաբար, շատ եք գրում հաղորդագրություններ, որոնք որոշ ժամանակ անց այլևս երբեք չեք կարդալու: Շատ տեղ է զբաղեցնում մեսենջերների հիշողությունը: Ներկայացնենք, թե ինչպես է հնարավոր ազատել սարքի ներքին հիշողությունը հին հաղորդագրությունները ջնջելու միջոցով:
Նախ ստուգենք, թե որքան տեղ են զբաղեցնում այդ հաղորդագրությունները: Դա անելու համար անհրաժեշտ է.
- Մուտք գործել «Կարգավորումներ» (Settings) բաժինը, այնուհետև մտնել «Գլխավոր» (General) բաժին,
- Անցնել «Պահոց և iCloud-ի օգտագործում» (Storage & iCloud Usage) բաժինը,
- Մուտք գործել «Կարգավորել պահոցը» (Manage Storage) բաժինը,
- Այժմ Դուք կարող եք տեսնել, թե որքան տեղ են զբաղեցնում հաղորդագրությունները:
Այժմ բացատրենք, թե ինչպես է հնարավոր ավտոմատ կերպով ջնջել հին հաղորդագրությունները.
- Գնացեք «Կարգավորումներ» (Settings) բաժինը, այնուհետև մտեք «Հաղորդագրություններ» (Messages),
- Այդտեղ գտեք «Պահպանել հաղորդագրությունները» (Keep Messages) տողը և սեղմեք դրա վրա,
- Նոր բացված պատուհանում Դուք կարող եք ընտրել, թե որքան եք ցանկանում, որ հաղորդագրությունները պահպանվեն սարքի հիշողությունում,
- Ձեր նախընտրած տարբերակը ընտրելու դեպքում համակարգը կհարցնի, թե արդյոք ցանկանում եք ջնջել հին հաղորդագրությունները, այստեղ արդեն ընտրությունը Ձերն է:
Աղբյուրը` Cultofmac