Apple արտադրանքի մեջ մասնագիտացած Սթիվ Թութոն-Սմիթը պատմել է, որ նրան հաջողվել է iPhone-ի ստանդարտ ստեղնաշարի մեջ հայտնաբերել տեքստը մեկ ձեռքով մուտքագրելու միջոց։ Ամենայն հավանականությամբ, այս ֆունկցիան կա դեռևս iOS 8-ի ժամանակներից, բայց ինչ-ինչ պատճառով այն այդպես էլ հասանելի չի դարձել շարքային օգտատերերի համար։ Այդ ռեժիմը ակտիվացնելուց հետո կողմնային հատվածից հայտնվում են «cut», «copy» և «paste» կոճակները, իսկ մնացածները տեղափոխվում են հակառակ կողմ։
iOS 8-ի կոդում մի ձեռքով մուտքի հնարավորության առկայությունը ցույց է տալիս, որ այն նախատեսված էր դեռևս iPhone 6 և iPhone 6 Plus-ների համար, քանի որ սարքավորման ծրագրային ապահովման թեստավորումը անցել է նրանց մշակմանը զուգահեռ։ Սակայն ինչ-ինչ պատճառով ընկերությունը հարկ չի համարել օգտագործել այն վերջնական տարբերակում:
Սարքավորման ծրագրային ապահովման կոդում հայտնաբերվել են այլ չիրականացված հնարավորություններ ևս, բայց հատկապես մեկ ձեռքով մուտք անելու հնարավորությունն է, որ ունեցել է գրեթե վերջնական տեսք, չնայած, նրա անիմացիան ներկա տեսքով բարելավման կարիք ունի:
Ինչպես հայտնի է, Apple-ը կարող է երկար ժամանակահատվածում փորձարկել իր աշխատանքները նախքան դրանք բոլոր օգտատերերի համար հասանելի դարձնելը: Հետևաբար, չի բացառվում, որ iOS-ի հետագա թարմացումներում կհայտնվի վերը նշված ռեժիմից օգտվելու հնարավորությունը:
Հատկանշական է, որ հենց iOS 8-ում է, որ Apple-ը գործի է դրել Reachability անունով հայտնի մի ձեռքով մուտք անելու հնարավորությունը մեծ էկրանների համար: Այն հասանելի է դառնում Home կոճակը կրկնակի սեղմելու դեպքում, ինչի ժամանակ էկրանի վրա եղած բոլոր տարրերը տեղաշարժվում են ներքև ու դառնում ավելի հարմար մեկ ձեռքով աշխատելու համար: