Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով փաստաթղթերի, նկարների համար նախատեսված լավագույն սկանավորող հավելվածները` նախատեսված iOS և Android համակարգերի համար:
CamScanner (Android, iOS)
Գինը` անվճար
Սա ամենատարածված հավելվածներից մեկն է: Այն կարողանում է կտրել և այլ գործիքներով խմբագրել արված լուսանկարը, պահպանել JPEG կամ PDF ֆորմատով: Սկանավորած նկարն ամպային ռեժիմում պահպանելու հնարավորություն ունի, որը հասանելի է գրանցված օգտատերերին: Այն ունի վճարովի ֆունկցիաներ, օրինակ պրեմիում-հաշվից օգտվելիս՝ վճարելով $4,99 ամսական կամ $40 տարեկան, կարելի է օգտվել հավելյալ գործառույթներից, այդ թվում՝ տեքստի ճանաչումից:
Genius Scan (Android, iOS)
Գինը` անվճար
Genius Scan-ը բավականին արդյունավետ և պարզ հավելված է, այն ունի նկարի խմբագրման, կտրման և այլ ֆունկցիաներ: Հավելված ինտեգրված է Box, Dropbox, Evernote, Expensify, Facebook, Google Drive, OneDrive, OneNote, FTP, SugarSync, Twitter, WebDAV և այլ ամպային ծառայությունների ու հավելվածների հետ:
https://youtu.be/CXqnnSkKBcQ
Evernote Scannable (iOS)
Գինը` անվճար
Շատերը ծանոթ կլինեն միայն iOS հմակարգի համար թողարկված Scannable հավելվածին: Այստեղ նույնիսկ որևէ կոճակ սեղմելու կարիք չկա, պետք է պարզապես տեսախցիկը պահել փաստաթղթի վրա և վերջ, այն ավտոմատ կերպով սկանավորում է և պահպանում սկանավորման պատուհանում, որտեղ էլ կարելի է խմբագրել ստացված նկարը և տեղադրել Evernote-ում: Յուրահատկություններից մեկն էլ բիզնես այցեքարտերը կոնտակտի է վերածող ֆունկցիան է:
FineScanner (Android, iOS)
Գինը` անվճար
ABBYY ընկերության FineScanner-ը սկանավորող լավագույն հավելվածներից է: Կարևոր փաստաթղթեր, անդորագրեր, նկարներ, ձեռագիր գրվածքները արագ և հեշտ կարելի է թվայնացնել և պահպանել PDF ֆորմատով: Հավելվածը թույլ է տալիս նաև բազմաէջանոց PDF ֆայլեր ստեղծել, այսպիսով մեկտեղել թվայնացված էջերը:
PhotoScan (Android, iOS)
Գինը` անվճար
PhotoScan-ը այս տարի Google-ի թողարկած հավելվածն է, որը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում թվայնացնել հին լուսանկարները: Մի քանի վայրկյանում PhotoScan-ը սմարթֆոնի տեսախցիկով, թղթե լուսանկարի 4 անկյունները նկարելուց հետո, մշակում է այն, թվայնացնում նկարը առանց ավելորդ փայլի: Ինչպես նաև հավասարեցնում է նկարի անկյուններն ու շրջում ճիշտ ուղղությամբ: Թվայնացրած նկարները կարելի է պահել Google Photo-ում: PhotoScan-ից բացի թվայնացման լավ գործիք է Google Drive-ի սկաները: