Լոռին հայտարարվելու է SMART մարզ, բացի գործող տեղեկատվական կենտրոնից, գարնանը սկսվելու են Վանաձորի Թումո կենտրոնի կառուցման աշխատանքները, ընթացքի մեջ է նաև նոր SMART կենտրոնի հիմնումը:
Այս մասին հայտնել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը վարչապետի հետ հանդիպման ընթացքում և ընդգծել, որ մեծ հույսեր են կապում մարզում ՏՏ ոլորտի զարգացման հետ:
Կառավարության ղեկավարն այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն՝ ծանոթացել ծրագրավորման ու ինժեներիայի ուսումնական լաբորատորիաների և սկսնակ ընկերությունների գործունեությանը:
Այստեղ ներկայացվել է կենտրոնի գործունեությունը, որտեղ ՏՏ ոլորտի մասնագետների համար անցկացվում են մեկամյա դասընթացներ, որոնց արդեն իսկ մասնակցել է շուրջ 200 մասնագետ:
Դասընթացներ են կազմակերպվում այլ թիրախային խմբերի, մասնավորապես, դպրոցականների համար (10-14 տարեկան), իրականացվում են նաև համակարգչային ինժեներական նախագծման դասընթացներ:
Կառավարության ղեկավարը կարևորել է տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը և առաջարկել այնտեղ տեղակայված սկսնակ ընկերություններին ներկայացնել արդյունավետ ծրագրեր, որոնց իրականացմանը կառավարությունը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն: