Yandex-ի Ծրագրավորման դպրոցի բացումը Վանաձորում

Այսօր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում բացվեց Yandex Ծրագրավորման դպրոցը: Դպրոցը Հայաստանում Յանդեքսի առաջին նմանատիպ նախագիծն է:

itTrend-ի հետ զրույցում Յանդեքսի Ակադեմիական ծրագրերի կառավարման ղեկավար Սերգեյ Չերնիշովը նշեց, որ տեղի ընտրության հարցում առաջնորդվել են հատկապես մարզերում ՏՏ ոլորտի զարգացումը խթանելու սկզբունքով: «Մենք ի սկզբանե հասկացանք, որ Երևանում  արդեն շատ ծրագրեր են գործում: Մեր նպատակը ՏՏ մասնագետների նոր որակի ու մակարդակի սերունդ կրթելն է»:

Դասերը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կմեկնարկեն հունվարի 21-ից և կանցկացվեն շաբաթը 2 անգամ: Տևողությունը մեկ տարի է: Այդ ընթացքում 9-11-րդ դասարանի երեխաները կհասցնեն յուրացնել Python ծրագրավորման լեզվի հիմունքները և փորձել իրենց ուժերը փոքր նախագծերում:

«Մենք ուզում ենք հնարավորինս ընդլայնել աշակերտների քանակը ու դրա համար նախատեսում ենք հրատարակել հայերեն լեզվով դասագիրք նաև օնլայն կուրսեր նախաձեռնել, որպեսզի այն աշակերտները, որոնք չեն կարող հաճախել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, նույնպես ներգրավվեն ու սովորեն»,- հայտնեց Սերգեյ Չերնիշովը:

Ծրագրավորման դպրոցում ուսումն անվճար է: Ուսուցման ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 147 դպրոցականներ, որոնցից ընտրվել է 28 հոգի: Նրանց կդասավանդեն տեղի մասնագետները, որոնք Յանդեքսի Տվյալների վերլուծության դպրոցում անցել են ընտրության և ուսուցման երկու փուլ:

Բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, որը մեզ հետ զրույցում կարևորեց կրթական համակարգում որակ ձևավորելու և հասարակության լայն շերտերին նման ծրագրերը հասանելի դարձնելու գործընթացը:

Նշենք, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գտնվող Ծրագրավորման դպրոցը ընկերության և ՁԻՀ համատեղ նախագիծն է:

 

Նունե Գրիգորյան