Այսօր Երևանում անցկացվեց Eurasia Mobile Challenge տարածաշրջանային մրցույթի եզրափակիչը: Հայտնի են առաջին 3 մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերը:
Այսպիսով 1-ին տեղում է Ռուսաստանից ConfBot-ը: Սա չաթբոտ է, որը կօգնի կոնֆերանսների և այլ գործնական միջոցառումների ժամանակ: Հավելվածը թույլ է տալիս սմաթֆոնով ծանոթանալ զեկույցների ժամանակացույցին, դրանց բովանդակությանը: Միջոցառման մասնակիցները կարող են միմյանց հետ ծանոթանալ և շփվել այս հավելվածով, ինչպես նաև գնահատել ընդհանուր միջոցառումը, կազմակերպիչներին, զեկուցողներին և այլն:
Հայկական EarlyOne-ը 2-րդ տեղում է, որը թույլ է տալիս բիզնեսներին կրճատել հաճախորդների սպասելու ժամանակը: Այն արդեն աշխատում է հայաստանյան մի շարք բանկերում, բջջային օպերատորների գրասենյակներում, ինչպես նաև պետական հաստատություններում: Այն ունի եռալեզու ինտերֆեյս: Earlyone հավելվածը ներբեռնելուց հետո կազմակերպությունների հիմնական ցանկից կարելի է ընտրել կազմակերպությունը, մասնաճյուղը, նախընտրելի ծառայությունը, որից հետո էլ ամրագրել օրն ու ժամը:
3-րդ հորիզոնականում է Վրաստանից Treepex-ը, որի միջոցով հնարավոր է տնկել ծառեր: Այն իրենից ներկայացնում է տնկած ծառերի քարտեզ: Կարելի է տնկել անվանական ծառեր ձեր ցանկալի վայրում:
Իսկ Ղրղզստանից CharbaKG թիմը ՎիմպելԿոմի Եվրասիա միավորի Ինովացիոն գծով տնօրեն Իլյա Կուզնեցովից ստացավ հատուկ մրցանակ լավագույն pitch-ի համար:
Մասնակից թիմերն էին՝
- Հայաստանից՝ Earlyone, Terreva և Certifire
- Վրաստանից՝ Augep, Treepex և Persomedic
- Ղազախստանից՝ AgroShield, 20tonn և Torgai
- Ռուսաստանից՝ Simple Invest, Smart Parking և ConfBot
- Ուկրաինայից՝ Online Lost & Found Luckfind.me, inCust և Photofact
- Ուզբեկստանից՝ Fixit, MyApteka և Smartup
- Ղրղզստանից՝ Kamp, Donate-Asia.org և CharbaKG
- Տաջիկստանից՝ Repetitor, People’s Monitor և Doverto:
Նրանք համաշխարհային առաջատար կազմակերպությունների միջազգային և տարածաշրջանային թվային ոլորտի ձեռներեցների, գլոբալ ներդրողների ր և ՎիմպելԿոմի ղեկավարներից կազմված ժյուրիի առաջ փիչինգի միջոցով ներկայացրին իրենց նախգծերը, որից հետո Ժյուրի անդամները փակ քննարկման արդյունքում ընտրեցին առաջին 3 հորիզոնական զբաղեցրած թիմերին:
Հաղթող թիմերը կստանան դրամական պարգևներ՝ համապատասխանաբար 20.000, 15.000 և 10.000 դոլար, ինչպես նաև սարքավորումներ և Բարսելոնայում անցկացվող Global Mobile Challenge-ի մասնակցության անճար ուղեգիր, որը կկայանա փետրվարի 27-ից մինչև մարտի 2-ը։
«Այս տարվա եզրափակիչի մասնակիցներն ընտրվել էին մոտ 1,000 թիմերի շարքից, որը կրկնապատկում է նախորդ հետաքրքրությունը Eurasia Mobile Challenge-ի նկատմամբ: Որպես ընկերություն մեր նպատակն է տեսանելիություն հաղորդել իրենց տեսակի մեջ լավագույն նախաձեռնություններին և նպաստել վերջնական օգտագործողների շրջանակում դրանց կիրառմանը»,- նշեց ՎիմպելԿոմի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը:
Միջոցառման բացման խոսնակ Լոնդոնից ժամանած գործարար Դեբու Պուրկայաթսան, որը 6 տարի եղել է Google-ի միաձուլման եւ ձեռքբերումների ծրագրի ղեկավարը ittrend-ի հետ զրույցում կարևորեց մրցույթի դերը սթարթափների զարգացման գործում, ինչպես նաև ողջունեց նորարարկան գաղափարների փոխանակումը: Բացի այդ անդրադարձավ Հայաստանին և հույս է հայտնեց, որ 5-10 տարվա ընթացքում Հայաստանում կստեղծվի ու արտաքին շուկա դուրս կգա միլիարդ դոլար արժողությամբ ընկերություն:
«Eurasia Mobile Challenge»-ը երկրորդ տարին է, ինչ իր շուրջն է համախմբում ՏՏ ոլորտի փորձագետներին և երիտասարդ ձեռնարկատերերին` դառնալով փորձի փոխանակման հարթակ, այն առիթ է ընձեռում սկսնակ սթարթափներին կատարելագործել իրենց բիզնես մոդելները և ներկայացնել իրենց նախագիծը միջազգային հարթակներում:
Նշենք, որ «Eurasia Mobile Challenge» մրցույթն իրականացվում է «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում և նպատակ ունի աջակցել երիտասարդներին իրականություն դարձնել իրենց գաղափարներն` օգտագործելով թվային տեխնոլոգիաները։
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ eurasiamobilechallenge.com կայքում:
Նունե Գրիգորյան