10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումը կմեկնարկի հունիսի 9-ին

10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի տեղի կունենա հունիսի 9-10-ը: «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարևորագույն միջոցառումներից է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:

Այս տարի Բիզնես ֆորումի առանցքային թեմաներն են.

  • Երևանում ՏՏ համաշխարհային համաժողով 2019 (WCIT). մեկնարկ և բրենդի հաստատում
  • ՏՏ ներդրումային համակարգ
  • Վերականգնվող էներգիա և բնապահպանություն
  • Տեղեկատվական անվտանգություն. մարտահրավերներ և լուծումներ
  • Պետական գնումներ. խնդիրներ և լուծումներ
  • Մարդկային ռեսուրսներ. ընդհանուր համակարգի հնարավորություններ
  • ՏՏ և Տուրիզմ

Օրերս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ կայացել է նաև «Զբոսաշրջության ոլորտում ՏՏ լուծումների ներդրման խնդիրները, առաջարկները և գաղափարները» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասկացել են ոլորտի մի շարք ընկերություններ, որոնք ունեն համապատասխան ՏՏ լուծումներ տուրիզմի խթանման և աջակցման համար: Հանդիպման արդյունքում ձևավորել է ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում անցկացվող «ՏՏ և տուրիզմ» քննարկման օրակարգը:

Նշենք, որ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: 2016-ին Բիզնես ֆորումին ներգրավված են եղել 900-1000 մասնակից: Այս տարի ակնկալվում է առավել ակտիվ մասնակցություն: ԴիջիԹեք բիզնես ֆորումի օրակարգը և հավելյալ տեղեկատվություն ներկայացված է www.businessforum.am կայքում: