Սուրեն Մարկոսյանի հիմնած Epic!-ը ստացել է $8 մլն. ներդրում

Epic! մանկական հավելվածի թիմը ստացել է $8 միլիոն ներդրում Reach Capital վենչուրային ընկերության ղեկավարությամբ, որը մասնագիտացած է կրթական նախագծերի ներդրումներով: Epic!-ը «Գրքերի Netflix» դարձնելու նպատակով էլ օգտագործվելու է ներդրումը՝ TechCrunch-ի փոխանցմամբ:

Epic!-ը թվային գրադարան է՝ նախատեսված 5-12 տարեկան դպրոցականների համար: Այս հարթակում ներառված է ավելի քան 25 000 թվային գիրք, ուսուցողական տեսանյութեր, ինչպես նաև հասանելի է աուդիո բովանդակություն՝ կարդալու հետ զուգահեռ լսելու հնարավորությամբ: Epic!-ը հիմնադրվել է 2013-ին՝ Սուրեն Մրկոսյանի կողմից, որը նաև հանդիսանում է list.am-ի և մի շարք այլ հարթակների հիմնադիրը: Epic!-ը պաշտոնապես գործարկվել է 2014-ին և ներկայումս հասանելի է մոտ 5 միլիոն երեխաների ամբողջ աշխարհում:

Epic!-ն օգտագործում է համակարգչային խաղերից վերցված տարբեր հնարքներ, որպեսզի երեխաներին դրդի ավելի շատ կարդալ ու տարբեր վիրտուալ պարգևներ է տալիս՝ ընթերցման մեջ հաջողությունների հասնելու համար։ Այն գործածում են նաև ուսուցիչները՝ դպրոցներում կրթական պրոցեսի ընթացքում: Այն նախատեսված է նաև ծնողների համար, որոնք կարող են զարգացնել իրենց երեխաներին առաջարկվող բովանդակությամբ:

Epic!-ի համահիմնադիր Քևին Դոնահյուն TechCrunch-ի հետ զրույցում հայտնել է, որ ներդրումը ծախսելու են նոր աշխատակիցներ ձեռք բերելու, մարքեթինգային և գովազդային արշավների համար, ինչպես նաև Ասիայում նոր համագործակցություններ ձեռք բերելու, տարածվելու համար՝ հաշվի առնելով վերջին շրջանում հավելվածի պահանջարկը այս տարածաշրջանից: Ինչպես նաև կավելանա բովանդակությունը նոր ձևաչափերով, ավելին՝ մտադրություն կա ապագայում կիրառել AR / VR տեխնոլոգիաներ:

Նշենք, որ հավելվածը անվճար հասանելի է  iOS, Android համակարգերի համար:

Epic! մանկական հավելվածի համահիմնադիր և տնօրեն Սուրեն Մարկոսյանը ավելի վաղ itTrend-ին պատմել էր հավելվածի ստեղծման, գաղափարի մասին:

«Գաղափարն առաջացավ այն բանից հետո, երբ ես նկատեցի, որ իմ երեխաներին շատ է գրավում iPad պլանշետը։ Օգտագործման հեշտության ու հասանելիության պատճառով էլեկտրոնային սարքերը դարձել են նոր սերնդի կյանքի անբաժանելի մասնիկը։ Սակայն, ցավոք, եթե երեխաները գործնականում առանց որևէ սահմանափակումների կարող են տեսանյութեր ու խաղեր գտնել, նույնը չի կարելի ասել գրքերի պարագայում։ Էլեկտրոնային գրքերը թանկ արժեն, պետք է յուրաքանչյուր գրքի դիմաց վճարել, իսկ ծնողները հաճախ տեղյակ չեն ինչ գրքերի կարիք ունեն իրենց երեխաները և ամենակարևորը՝ ինչ գրքեր են հավանում իրենց երեխաները։ Այս խնդիրն անձամբ առնչվեց ինձ, ու ես տարվեցի այս խնդիրը լուծելու ցանկությամբ։ Իմ նպատակն է ապահովել իսկապես որակյալ գրքերի հասանելիություն մեր մոլորակի բոլոր երեխաների համար»,-նշել է Սուրեն Մարկոսյանը:

Նրա հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:

Նունե Գրիգորյան