Գևորգ Պողոսյանը` Global AM-ի ստեղծման, 5 նոր նախագծերի ու Volterman-ի առաքումների ուշացման պատճառների մասին

Global AM հասարակական կազմակերպությունն աջակցում է սթարթափներին՝ ֆինանսական պլանավորումից մինչև արդյունավետ կառավարմանը վերաբերող խորհրդատվություն։ ՀԿ-ն կապող օղակ է սթարթափների եւ հմուտ մասնագետների, ներդրողների միջև, փորձում է աջակցել նորաստեղծ ընկերություններին կատարելագործել իրենց արտադրանքը և հեշտությամբ հաստատվել ամենամրցակցային շուկաներում։

Global AM ՀԿ նախագահ Գևորգ Պողոսյանը ittrend-ի հետ զրույցում պատմել է Global AM-ի ստեղծման, 5 նոր նախագծերի ու Volterman-ի առաքումների ուշացման պատճառների մասին և ոչ միայն։ 

Պատմեք  Ձեր կարիերայի սկզբի մասին, ի՞նչ ճանապարհ եք անցել, նաև idram–ի հիմնադիրն եք։

–Ես ՏՏ-ում 2003-ից եմ, այդ ժամանակ գովազդային գործակալություն ունեի, որպես դիզայներ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցում էի։ Քանի որ, վեբ-կայքերի դիզայնի պահանջարկը մեծ էր, որոշեցինք մեր ստուդիայում ծրագրավորման բաժին բացել։ Բայց հետո հասկացանք, որ շատ ավելի հետաքրքիր գործ է հենց ծրագրավորումը, ոչ թե դիզայնը։

Արտասահմանից պատվերներ սկսեցինք ստանալ, այն ժամանակ EIF-ի հետ էինք համագործակցում ու ծրագրավորման պատվերները անելուց հետո, հասկացանք որ ահագին ժամանակ ենք ծախսում ու պրոդուկտ ենք ստեղծում, որն արտասահմանյան կազմակերպությունը վերցնում ու սկսում է գումար աշխատել դրանով:

Հիմնական ակտիվը, որ ստեղծում ենք Հայաստանից գնում է, որոշեցինք որ շատ ավելի ճիշտ է սեփական պրոդուկտներն ունենալ, որպեսզի այն ինչ անում ենք Հայաստանի ներսում գործի: Նախագծերի ցուցակ գրեցինք, որով Հայաստանի էլեկտրոնային կոմերցիան կձևավորենք: Նախագծերից մեկը idram վճարային համակարգն էր, մոտ 10 տարի աշխատել ենք  idram-ի վրա։ 2014-ին idram-ի խոշոր բաժնեմաս վաճառեցինք այլ ընկերության, 2015–ին արդեն ամբողջը։ Այդ ընթացքում նաև դոմեյնների բիզնես էինք անում։ Ի վերջո, կենտրոնացանք 2 ուղղության վրա միջազգային շուկայում դոմեյնի բիզնեսը, մյուսը` քրաուդֆանդինգի ուղղությունը։

Ինչպե՞ս առաջացավ Global AM-ը ստեղծելու գաղափարն ու անհրաժեշտությունը։

–2015–2016թթ. մեր գործունեության ընթացքում համոզվեցինք, որ շատ ճիշտ ուղղության վրա ենք։ Ճիշտը Հայաստանում բիզնես, պրոդուկտ ստեղծելն է և միջազգային շուկա դուրս հանելը։

Սկսեցինք շփվել ոլորտի ներկայացուցիչների, սթարթափների հետ ու հասկացանք, որ մեր գիտելիքը օգուտ է տալիս, ստաբիլ դարձրինք մենթորությունը։ Տեսանք, որ ակտիվություն է սկսվում սրա շուրջ, որոշեցինք, որ ինստիտուցիոնալ հիմքի վրա դնենք։ Ավելի կազմակերպված սկսել հայկական սթարթափ էկո–համակարգը զարգացնել։

Մեզ համար նպատակ դարձավ Հայաստանում աջակցող միջավայր ստեղծել հայկական սթարթափներին միջազգային շուկա հանելու համար։ Այդ ժամանակ եկավ Global AM-ի գաղափարը։ Որոշեցինք նույն գաղափարներով ու մտադրություններն ունեցող ընկերներին համախմբել։ Երկար մտածելուց հետո հասկացանք, որ հասարակական կազմակերպություն է պետք, որի մեջ բոլորս կհավաքվենք ու հստակ էկո–համակարգը ձևավորելու խնդիրը կլուծենք։

Որո՞նք էին առաջին քայլերը։

–Ես, Նարեկը Վարդանյան ու Գրիգոր Հովհաննիսյանը երեքս էինք, առաջինն ինչ մտածեցինք անել հաաջողության պատմություն ստեղծելն էր։ Որոշեցինք վերցնել հայկական նախագիծ, որը որ ամբողջությամբ հայկական ֆինանսով է ձևավորվել, հայերի կողմից մշակվել ու դուրս հանել միջազգային շուկա։ Այդ պրոդուկտը Volterman խելացի դրամապանակը դարձավ։ Հետո արդեն Moon-ը։

Volterman-ի  հետ կապված վերջես հրապարկումներ եղան առաքման ուշացման դժգոհությունների ու խնդիրների վերաբերյալ։

–Իրականում դեկտեմբերին նախատեսվում էր առաքել, բայց տարբեր  տիպի պրոբլեմներ եղան, հիմնական խնդիրը կոմպոնենտների հետ էր կապված։ IoT-ի շուկան 2000 տոկոս աճ է ունեցել անցյալ տարի և լուրջ դեֆիցիտ էր սկսել, գների թանկացումներ եղան։

Մատակարարները ծավալները չէին կարողացել ապահովել, որի արդյունքում հետ էր ընկել։ Բայց այդ խնդիրները հունվարին արդեն լուծվեցին, հետո սկսվեցին Չինաստանի ամանորյա տոները, նրանք այդ ընթացքում չեն աշխատում ու երկար են տոնում։

Այժմ ինտենսիվ բանակցությունների մեջ են, որակի վերահսկողության վրա են աշխատում։ Volterman-ը թափանցիկ ձևով ներկայացնում է բոլոր փուլերի թարմացումները։ Եթե ամեն ինչ հաջող եղավ, մարտից առաքումները կսկսվեն։

Ի՞նչ բացեր ու խնդիրներ եք տեսնում հայկական էկո–համակարգում, որ փորձում եք լուծել։

–Սկզբում  մենք կարծում էինք, որ հիմնական խնդիրը ֆինանսավորումն է և սթարթափները ներդրման համար գնում են Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիայում են գրանցվում և այլն։ Ֆինանսների հասանելիության խնդիրը լուծելու համար հիմնադրել ենք հրեշտակ ներդրողների ցանց` Business Angel Network of Armenia–ն (BANA): GIZ-ի հետ եվրոպական շուկայում գտանք ներդրողներ, նրանք միացան հայ ներդրողներին:

2017–ի նոյեմբերին կայացավ առաջին դեմո օրը, որի ընթացքում տարբեր ոլորտներից մոտ 15 ներդրողնների ներկայացրել ենք 10 սթարթափ, որից 5–ն արդեն բանակցությունների մեջ են նրանց հետ և գուցե այս տարի ինչ–որ ներդրումներ փակվեն։

Շատ ավելի կարևոր ու մեծ բաց է գիտելիքի պակասը։ Միջագային շուկայում մրցունակ լինելու հարցում փորձն ու գիտելիքն ամենամեծ բացերն են։ Այս առումով հնարավորինս ինտենսիվ կիսվում ենք մեր փորձով տարբեր միջոցառումների, դասախոսությունների ընթացքում։ Նաև, ինկուբատորի ու աքսելերացիոն ծրագիր ենք անում Veon-ի հետ։

Volterman-ի փորձով` Sprint ֆոնդը ստեղծեցինք, որը մասնագիտացած է հենց քրաուդֆանդինգի մեջ ներդրում անելու հարցում։ Որտեղ ինչ բաց տեսնում ենք, ինչ–որ նախագիծ ենք անում այդ ուղղությմաբ. հենց այն դառնում է ինքնուրույն, թողնում ենք որպես առանձին միավոր և կետրոնանում մյուս խնդիրների վրա։ Այդպես 5 նախագիծ արդեն իսկ նախաձեռնել ենք։

Եթե մասնավորեցնենք` միջազգային շուկա դուրս գալու ճանապարհին ի՞նչ սխալներ են անում սթարթափները։

–Կարևոր է թիմը, կիսատ–պռատ թիմ ունենալը, ներքին կոնֆլիկտները, աշխատանքը բաշխելու խնդիրները լավ չլուծելը։ Նաև ֆինանսնավորման հարցն է, ոչ թե ինչպես են ստանում, այլ ծախսում ֆինանսները։

Երրորդը` շուկայի թերի ուսումանսիրություններ անելն է։ Վերջին 2 տարվա մեջ ինտենսիվ է շուկան զարգանում, շարժը մեծացել է։ Գիտելիքը շատ դինամիկ է զարգանում։ Սթարթափում կարևոր է նաև coachable լինելու ունակությունը, որ պատրաստ է կրթվելու, քննադատական ինֆորմացիան ընդունելու ու կիրառելու։

Այս տարի ներկա եք եղել CES 2018 տեխնո–ցուցահանդեսին։ Լաս Վեգասից ի՞նչ  հետաքրքիր գաղափարներով  ու տպավորություններով վերադարձաք,  ի՞նչ նորարարություններ Ձեր ուշադրությունը գրավեցին։

–Այս տարի CES-ն ուներ 3800 մասնակից, 180 հազար այցելու։ Hardware ոլորտի սթարթափների հետ շփվեցինք, հետաքրքիր էր տեսնել ու շփվել քրաուդֆանդինգով առաջ գնացած բիզնեսների հետ։

Տպավորիչ էր ֆրանսիական French Tech բաժինը, որտեղ գեղեցիկ դիզայնով մեծ տաղավարում ներկայացված էին բոլոր ֆրանսիական արտադրանքները, այդպես նաև Իտալիայինն էր։ Սա տեսնելով պատկերացրի, թե ինչպես է հայկականը մեկ-երկու տարուց այդպես ներկայանալու։ Նպատակ դարձավ նման միջոցառումների ժամանակ այդպես ներկայանաը, CES-ում հայկական Hardware-ը ներկայացնելը։

Մենք բացի նրանից, որ Volterman-ի համար բանակցություններ էինք վարում պոտենցիալ գործընկերների հետ, նաև հանդիպումներ ունեցանք Indiegogo-ում, Kickstarter-ում։ Այս տարվա համար իմ հիմնական հետաքրքրությունը լավագույն նախագիծ գտնելն էր` օգնելու նպատակով։ Երկար փնտրելուց հետո կանգնեցինք հայկական նախագծերի վրա, մեկը` Volterman-ի խելացի ուսապարկն է։

Այս ամենը տեսնելով, շփվելով միջազգային շուկայի ներկայացուցիչների ու տարբեր սթարթփների հետ` ի՞նչ համաշխարհային թրենդներ կարող եք նշել։  Ըստ Ձեզ ո՞ր ուղղությամբ է շարժվում աշխարհը։ Ի՞նչ լուծումներ են մշակվում առհասարակ, որ կարելի է ներդնել նաև Հայաստանում։

–Այստեղ կարևոր է նշել տեմպի խնդիրը։ Ամեն անգամ ԱՄՆ–ից վերադառնալիս` տեսնում եմ, թե ինչ դանդաղ ենք ու հետ ենք, բայց հետո ոգևորվում եմ, քանի որ հասկանում եմ` ինչքան գործ կա, որ կարելի է անել։

Թրենդների մասով հիմնականում արհեստական բանականությունն է, մանավանդ երբ CES-ի մասին ենք խոսում։ Կարևոր է Big Data-ն, բացի այդ վիրտուալ ու լրացված իրականությունները (AR/VR), բլոկչեյն տեխնոլոգիաները, նաև իրերի համացանցը (IoT)։ Սրանք բոլորն իրականում իրար հետ փոխկապակցված են։

Նունե Գրիգորյան