Ամերիկյան Apple ընկերությունը երկու տարվա ընթացքում 2,5 մլրդ դոլար կհատկացնի Կալիֆոռնիա նահանգում իրականցվող մատչելի բնակարանների կառուցման ծրագրերին, ինչպես նաև դրանց ձեռքբերման հարցում քաղաքացիներին աջակցելուն: Այս մասին ասված է ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նշվում է, որ կորպորացիայի ղեկավարությունը մտահոգված է Կալիֆոռնիայում տների և բնակարանների արժեքի կտրուկ աճով: Apple-ը նախատեսում է 1 մլրդ դոլար հանգանակություն ուղարկել հիմնադրամին, որից էլ վարկեր կհատկացնեն մատչելի բնակարան կառուցելու համար: Ընկերությունը 1 մլրդ դոլար կներդնի հիփոթեքային հիմնադրամում, որից վարկեր կտրամադրեն նահանգի կարևորագույն ծառայությունների աշխատակիցներին, դպրոցական ուսուցիչներին, զինվորական ծառայություն անցած անձանց բնակարան ձեռք բերելու համար: Ընկերությունը նաև 300 մլն դոլար արժողությամբ հողատարածքներ կհատկացնի մատչելի բնակարանների կառուցման համար:
Բացի այդ, 150 մլն դոլար կուղղվի Սան Ֆրանցիսկոյի շրջանում շինարարության նախագծերի ֆինանսավորմանը: Եվս 50 մլն դոլար Apple-ը որպես օգնություն կտրամադրի անօթևաններին: