Հայաստանի համար սեփական արբանյակը կարժենա 200-250մլն դոլար․ Արեգ Միքայելյան

Եթե Հայաստանը որոշի արբանյակ ուղարկել տիեզերք, դա մեր երկրի համար կարժենա 200-250 մլն դոլար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։ Նա նշել է, որ խոսքը լուրջ փողերի մասին է, ուստի դժվար է պատկերացնել, որ առաջիկա մի քանի տարիներին տիեզերքում կարող է հայտնվել հայկական արբանյակ։ «Դա կապված է ոչ միայն աստղագիտության, այլև քարտեզագրության, կապի, հաղորդակցության հետ։ Համենայնդեպս, Հայաստանին ձեռնտու կլիներ ունենալ սեփական արբանյակ, քան գնել այլ երկրներից, քանի որ այդ դեպքում դա կարող էր նվազեցնել ծառայությունների ինքնարժեքը, որոնք հիմնված են արբանյակների տվյալների վրա»,- նշել է աստղադիտարանի տնօրենը։

Անդրադառնալով աստղագիտության ոլորտում առկա խնդիրներին՝ Արեգ Միքայելյանը նշել է, որ պատանիներն ու երիտասարդները բուռն հետաքրքրություն են ցուցաբերում աստղագիտության հանդեպ, ակտիվորեն մասնակցում օլիմպիադաների, բայց ինչ-որ պահի կորցնում են հետաքրքրությունը ոլորտի հանդեպ և պատճառը ՝ ցածր աշխատավարձն է։ Չնայած դրան, աստղադիտարանի տնօրենի խոսքով, աշխատանքն իրենց մոտ բազմաթիվ դրական կողմեր ունի, օրինակ այն, որ աշխատակիցներին տրվում է անվճար ծառայողական բնակարան։ «Բացի այդ, նրանք հնարավորություն ունեն տարին մի քանի անգամ մեկնել տարբեր երկրներ, ինչպես նաև մասնակցել տարբեր դրամաշնորհային նախագծերի և հավելյալ եկամուտ ապահովել »,- նշել է Արեգ Միքայելյանը։