Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում

Ամերիկյան «Tesla Motors» ընկերության հիմնադիր Իլոնա Մասկի «Neuralink» ընկերությունը հաջողությամբ նեյրոիմպլանտ է տեղադրել կապիկի ուղեղում։ Տեղեկությունը հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով հենց Մասկին:

Այժմ կենդանին համակարգչային խաղեր է խաղում ու իրեն լավ է զգում, Մասկի խոսքով՝ կապիկը երջանիկ է։

Համակարգը կարող է աշխատել մի քանի չիպավորված կապիկների հետ, որոնք զբաղվում են, օրինակ, համակարգչային պինգ-պոնգով։ Մասկը խոստացել է, որ մոտ մեկ ամիս հետո կցուցադրի տեսանյութ, որը կհաստատի իր խոսքերը:

«Neuralink»-ը ստարտափ է, որի նպատակն է զարգացնել և արտադրել փոխպատվաստված նեյրոհամակարգչային ինտերֆեյսներ: 2017 թվականին Մասկը հայտարարել էր, որ ընկերությունը ցանկանում է սարք ստեղծել ուղեղի լուրջ հիվանդությունների բուժման համար ու արդյունքում զբաղվել մարդկանց կատարելագործմամբ: