Ճապոնիայում սկսել են ամբողջական հզորությամբ շահագործել աշխարհի ամենաարագ գերհամակարգիչը

Մարտի 9-ին Ճապոնիայի բնական գիտությունների պետական ինստիտուտի հաշվարկային կենտրոնում տեղի է ունեցել աշխարհի ամենաարագ գերհամակարգչի՝ «Ֆուգակու»-ի ամբողջ հզորությամբ գործարկման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով ճապոնական Kyodo գործակալությանը:

Սկզբնապես նախատեսվում էր համակարգիչն ամբողջական աշխատանքային ցիկլի բերել ապրիլին, բայց որոշվել է արագացնել այս գործընթացը, այդ թվում`կորոնավիրուսի տարածման հետ կապված արտակարգ հետազոտություններ անցկացնելու անհրաժեշտության պատճառով:

«Ֆուգակու»-ն մասամբ գործարկվել է 2020 թվականի ապրիլին: Հունիսին այն ճանաչվել է աշխարհի ամենաարագը «Top-500» միջազգային նախագծի փորձագետների կողմից, որոնք որոշում են մոլորակի ամենահզոր գերհամակարգիչները: Նոյեմբերին այս կարգավիճակը վերահաստատվել է: «Ֆուգակու»-ն նաև գրավել է առաջին տեղը մյուս երեք անվանակարգերում ՝ լավագույն արդյունքն ունենալով արդյունաբերական ծրագրերում, արհեստական ինտելեկտի և մեծ թվերի վերլուծության հարցերում:

Այս գերհամակարգիչը ստեղծել է Fujitsu կորպորացիան`Riken-ի հետ համատեղ: Այն ունակ է վայրկյանում ավելի քան 415 կվադրիլիոն հաշվարկ կատարել: Սա մոտ 2,8 անգամ գերազանցում է Թենեսի նահանգի Օք Ռիջ քաղաքում գտնվող ԱՄՆ ազգային լաբորատորիայի Summit գերհամակարգչի արագությունը, որը նախկինում վարկանիշում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը, իսկ այժմ նահանջել է երկրորդ տեղ: Երրորդ տեղը նույնպես զբաղեցնում է ամերիկյան գերհամակարգիչ, իսկ չորրորդ և հինգերորդ հորիզոնականները զբաղեցնում են չինական մեքենաները:

Ներկայում «Ֆուգակու»-ն ներգրավվելու է ավելի քան հարյուր տարբեր ուսումնասիրություններում: Բացի համավարակի խնդիրներից, դրանք կապված են, մասնավորապես, արհեստական ինտելեկտի և եղանակի կանխատեսման ոլորտում զարգացումների հետ:

http://tert.am