«Անբան Հուռին» մուլտֆիլմն ավարտին կհասցվի IndieGoGo-ում կազմակերպված դրամահավաքի շնորհիվ (հարցազրույց, ֆոտոշարք)

«Անբան Հուռին» մուլտֆիլմն ավարտին կհասցվի IndieGoGo-ում կազմակերպված դրամահավաքի շնորհիվ (հարցազրույց, ֆոտոշարք)

10850109_764327870320929_1974329594142524970_n2014-ի հոկտեմբերի 20-ին IndieGoGo համաֆինանսավորման հարթակում մեկնարկեց «Անբան Հուռին» մուլտֆիլմի աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով կազմակերպված դրամահավաքը։ Մուլտֆիլմը երաժշտական է, և բացի հիմնական թիմից՝ մուլտֆիլմի վրա աշխատում են նաև երգահաններ ու երաժիշտներ։ Մուլտֆիլմի անցած ճանապարհի, դրամահավաքի, պրեմիերայի ու այլ մանրամասների շուրջ ittrend.am-ը զրուցեց Multart+ ստուդիայի ռեժիսոր և  մուլտֆիլմի «Անբան Հուռին» մուլտֆիլմի բեմադրող ռեժիսոր Արթուր Միքայելյանի հետ։

-Ե՞րբ են մեկնարկել մուլտֆիլմի աշխատանքները, և ինչպե՞ս որոշեցիք դիմել IndieGogo կայքի օգնությանը։ 

– Մուլտֆիլմի աշխատանքները սկսվել են 2010-ին։ Սկզբնական շրջանում Ազգային կինոկենտրոնը մաս-մաս ֆինանսավորում էր նախագիծը, և կարճամետրաժ մուլտֆիլմն ավարտին հասցնելու համար մնացել էր վերջին 4-5 րոպեն։ Եթե աշխատանքները շարունակվեին նույն տեմպով, ապա մուլտֆիլմն ավարտին կհասցվեր 2016-ին։ Կատարվող աշխատանքը հսկայական է․ մուլտֆիլմը նկարահանվում է դասական անիմացիայի կանոններով, վայրկյանում 24 կադրից յուրաքանչյուրը ձեռքով նկարում են մեր նկարիչ-մուլտիպլիկատորները։

Շատ զանգեր էինք ստանում, բազմաթիվ անհատներ ցանկանում էին օգնել՝ ֆիլմն ավարտին հասցնելու համար։ Բացեցինք նույնիսկ հաշվեհամար, սակայն, գումար փոխանցելը միշտ չէ, որ հարմար էր, քանի որ արտասահմանից գումար ուղարկելու համար պետք էր նաև միջնորդավճար մուծել և այլն։ Այդ իսկ պատճառով որոշեցինք դրամահավաք կազմակերպել համաֆինանսավորման հարթակում․ այն ժամանակ «Անբան Հուռու» թրեյլերն արդեն մեծ ճանաչում ուներ և YouTube-ում դիտվել էր արդեն ավելի քան 800 հազար անգամ։

-Իսկ ինչու՞ IndieGoGo և ոչ թե Kickstarter:

-Դեռևս 2013-ին գրանցել ենք նախագիծը Kickstarter-ում, սակայն այդպես էլ չհաջողվեց մեկնարկել դրամահավաքը, քանի որ այդ կայքում պահանջվում էր լրացնել 18 տարին լրացած ԱՄՆ քաղաքացու բանկային հաշիվ, որին էլ փոխանցվելու էր հավաքված գումարը։ Բացի այդ՝ պահանջվում էր, որ տվյալ հաշիվը նվազագույնը մեկ տարվա պատմություն ունենա և այլն։ Քանի որ կայքը դեռ նոր էր տարածում գտնում, և մտավախություն կար, որ բանկային հաշվից տույժեր կամ պահումներ կլինեն, այդպես էլ արշավը չհաջողվեց մեկնարկել։

-Դրամահավաքի ընթացքում ո՞ր երկիրն է եղել առաջատարը։ 

– Մասնակիցների թվով առաջատար է եղել Հայաստանը, երկրորդ տեղում է եղել ԱՄՆ-ն, իսկ երրորդում՝ Ռուսաստանը։ Սակայն փոխանցված գումարի չափով առաջատար է եղել ԱՄՆ, երկրորդ տեղում՝ Հայաստանը, երրորդում՝ կրկին Ռուսաստանը։ Դրամահավաքին մասնակցել է ընդհանուր առմամբ 476 հոգի, որոնք հանգանակել են $9,761 դոլար։

-Ե՞րբ է սպասվում մուլտֆիլմի պրեմիերան։

-Այս պահին աշխատանքներն ընթանում են բուռն տեմպով, գրեթե համոզված կարող եմ ասել, որ պրեմիերան տեղի կունենա այս ամռանը՝ օգոստոսի կեսերին։ Նախատեսում ենք պրեմիերան անցկացնել երևանյան կինոթատրոններից մեկում։ Մեր նպատակն է ապահովել մեկ-երկու ամսվա ցուցադրություն, ու քանի որ հայկական կինոթատրոններում կարճամետրաժ ֆիլմերի երկարատև ցուցադրման պրակտիկա չկա, հնարավոր է ռեստավրացիայի ենթարկենք “Drunk Hens” (Հարբած հավերը) մուլտֆիլմը, որը նույնպես մեծ հաջողության դիտվել է YouTube-ում, և ցուցադրենք այն «Անբան Հուռու» հետ միասին։

-Որքա՞ն է կազմել մուլտֆիլմի բյուջեն։

-Երբ աշխատանքներն ավարտին հասցվեն, կարծում եմ՝ ծախսված ընդհանուր գումարը կհասնի 30-35 հազար դոլարի։ Մուլտֆիլմի աշխատանքների մեծ մասը կատարվել է կամավորական սկզբունքով, եթե թիմի անդամները վճարվեին այնպես, ինչպես արժանի էին, ապա խոսքը կգնար շատ ավելի մեծ գումարների մասին։ Մուլտֆիլմում հանդես եկող երգիչ-երգչուհիները մասնակցում են կամավորական սկզբունքով։

-Հնարավո՞ր է մուլտֆիլմը ցուցադրվի նաև օնլայն, վճարովի կամ անվճար։

– Այժմ քննարկվում են մի քանի տարբերակներ, չեմ կարող առայժմ ասել, թե որ տարբերակի վրա կանգ կառնենք։ Համենայն դեպս, աշխատում ենք, որպեսզի «Անբան Հուռին» մուլտֆիլմը ֆինանսական հենք պատրաստի նաև մեր հաջորդ մուլտֆիլմի համար, բայց նաև հասանելի լինի հանդիսատեսի համար։

-Քանի՞ հոգուց է կազմված «Անբան Հուռին» մուլտֆիլմի վրա աշխատող թիմը։

– Ֆիլմի աշխատանքներում ընդգրկված է 13 հոգի, որոնցից ամենօրյա աշխատանքի են դուրս գալիս 5-6 հոգի, իսկ մյուսները միանում են աշխատանքներին ժամանակ առ ժամանակ։

-Որքանո՞վ են նոր տեխնոլոգիաները հեշտացնում ձեր աշխատանքը։

– Անկեղծ ասած՝ առայժմ այդքան էլ չենք կարողանում օգտվել նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից, քանի որ ստուդիան դեռ չունի բավական ֆինանսական հնարավորություններ։ Սակայն եթե համեմատենք ներկայիս և 20 տարի առաջվա աշխատանքային պրոցեսը, ապա շատ մեծ է առաջընթացը։ Հուսով ենք՝ կես տարուց կկարողանանք ձեռքբերել երկու պլանշետ-մոնիտոր, որոնց միջոցով մեկ տարվա աշխատանքը կկարողանանք կիսով չափ կրճատել։

-Որո՞նք են լինելու Multart+ ստուդիայի հաջորդ աշխատանքները։

– Ունենք երեք նոր նախագիծ, որից մեկը կընտրվի և «Անբան Հուռու» պրեմիերայից հետո կսկսվեն աշխատանքները։ Ընտրված նախագծի անունը հայտարարենք «Անբան Հուռու» պրեմիերայի ժամանակ։