Ինչ նոր հնարավորություններ ունի iOS 9-ը

Ինչ նոր հնարավորություններ ունի iOS 9-ը

Apple-ի iOS 9 օպերացիոն համակարգը արդեն հասանելի է iPhone-ի, iPad-ի ու iPod touch սարքերի վերջին մոդելների համար։ Իսկ ավելի կոնկրետ՝ թարմացումը նախատեսված է iPhone 6, 6 Plus, 5c, 5s, 5 և 4s, iPod touch 5G և 6G, iPad Air, iPad Air 2, iPad mini բոլոր սերունդների, ինչպես նաև iPad 2, 3 և 4-ի համար։ Նշենք, որ ավելի հին մոդելներում նոր ՕՀ-ը մի փոքր դանդաղում է, քանի որ նոր գրաֆիկական էֆեկտներն ավելի շատ ռեսուրսներ են պահանջում։

Ըստ Apple-ի կայքի նկարագրության՝ iOS 9-ում կբարձրանա արտադրողականության ու անվտանգության մակարդակը, կմեծանա ավտոնոմ աշխատանքի տևողությունը, իսկ օգտագործելն ավելի հարմար կդառնա։ Օրինակ՝ iPad օգտագործողները կկարողանան էկրանին միաժամանակ երկու հավելված բացել ու մեկից մյուսը տարբեր տարրեր փոխանցել։

Կթարմանան նաև հավելվածներից մի քանիսը․ այսուհետ ավելի հեշտ կլինի հավելվածներին տվյալներ պատճենել «Նշումներ»-ում, որտեղ ներդրված է թարմացված որոնում։ Իսկ քարտեզներում հայտնվել է «Հասարակական տրանսպորտ»։

Թարմացվել է նաև Siri ձայնային օգնականը, որը ստացել է խելացի հիշեցումների համակարգ։ Օրինակ՝ եթե օգտագործողը չի հասցրել կարդալ նամակը, կարող է խնդրել Siri-ին հիշեցնել իրեն այդ մասին երեկոյան։ Բացի այդ՝ կարելի է օգնականին խնդրել ցույց տալ կոնկրետ ժամանակահատվածում արված բոլոր լուսանկարները։

Նշենք, որ թարմացման համար պետք է սարքում ունենալ 1,3 ԳԲ ազատ տարածք։

Բաժիններ: Ծրագրեր
Թեգեր: Apple, ios 9, ՕՀ