Աշտարակի թիվ 1 դպրոցի սաներն այցելեցին Dinamica Testing Centre, ԵՊՃՀ լաբորատորիա և կինոթատրոն

Աշտարակի թիվ 1 դպրոցի սաներն այցելեցին Dinamica Testing Centre, ԵՊՃՀ լաբորատորիա և կինոթատրոն

Այսօր` ապրիլի 13-ն, տեղի ունեցավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնած «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագրի հերթական հանդիպումը, որին մասնակցեց նաև ittrend.am-ը: Այս անգամ հանդիպումը դպրոցականների հետ կազմակերպել էին Dinamica Testing Centre և cult.am ընկերությունները, որոնք առաջին անգամ էին մասնակցում ծրագրին: Նրանք հյուրընկալել էին Աշտարակի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի սաներին:  Հանդիպումը առանձնանում էր նրանով, որ այս անգամ cult.am-ը կազմակերպել էր նախագծի համար ոչ ստանդարտ հանդիպում` այն կրում էր ավելի մշակութային բնույթ:

Ծրագրի համակարգող Լևոն Բավիկյանի խոսքով՝ այսօրվա հանդիպումն առանձնանում էր նրանով, որ երեխաները պարզապես չեն այցելելու հանդիպման մասնակից ընկերության մասնաշենք և ծանոթանան իրենց գործունեությանը, այլ cult.am-ի ջանքերով այսօր երեխաները հնարավորություն կունենան այցելելու Մոսկվա կինոթատրոն, որտեղ նրանք կդիտեն «Սիլիկոնյան հովտի ծովահենները» ֆիլմը, որը պատմում է Սթիվ Ջոբսի և Բիլ Գեյթսի մասին, այնուհետև կայցելեն Հայաստանի ճարտարագիտական համալսարանի գիտական լաբորատորիա և Technology and Science Dynamics ընկերություն, որտեղ երեխաները կծանոթանան հայկական արտադրության առաջին սմարթֆոններին և թաբլեթներին:

Ծրագիրը մեկնարկել է անցած տարվա հոկտեմբերից և արդեն իսկ ընդգրկել է ավելի քան 70 դպրոց և մոտավորապես 28 կազմակերպություն։

«Ծրագիրը բավական հաջողված է, և նույնիսկ կան ընկերություններ, որոնք ոչ թե մի, այլ մի քանի դպրոցների հետ են աշխատում, և այդ համագործակցությունը երկարատև բնույթ է կրում»,- ասաց Լևոն Բավիկյանը:

«Մենք փորձում ենք երեխաներին ցույց տալ ՏՏ ոլորտի ամենահետաքրքիր և ոգևորող կողմը: Մենք նպատակ ունենք ոչ միայն պատմելու և ցույց տալու նրանց, թե ինչ է ծրագրավորումը և ինչ հնարավորություններ այն ունի, այլև փորձում ենք հետաքրքրություն արթնացնել նրանց մեջ այս ոլորտի նկատմամբ»,- պարզաբանեց cult.am-ի հանրային կապերի մենեջեր Արման Թադևոսյանը:

Dinamica Testing Centre ընկերության հիմնադիր Վլադիմիր Խոյեցյանն իր հերթին նշեց, որ ծրագիրը շատ ոգևորիչ է և միանգամից մի քանի խնդիր է լուծում: «Սա պարզապես բարեգործական նախաձեռնություն չէ, այլ ավելի շուտ ապագա մասնագետի և ՏՏ ոլորտի կապն է ապահովում: Այսօր հայկական ՏՏ ոլորտում կա որակյալ մասնագետների կարիք: Ամեն տարի ավելի քան 2000 աշխատատեղ է բացվում այս ոլորտում, իսկ այս ծրագրի շնորհիվ ընկերությունները կարողանում են դեռևս դպրոցական տարիքի երեխաների մեջ հետաքրքրություն արթնացնել մեր ոլորտի նկատմամբ: Սա երկուստեք ձեռնտու է` մենք կարողանում ենք տեսնել ապագա հավանական մասնագետներին և ոգևորվում ենք, որ այս ոլորտում մի չնչին, բայց ոլորտի համար շատ կարևոր ներդրում ենք անում` այն է ապագա մասնագետների ձևավորումը, իսկ երեխաներին հնարավորություն է տրվում ծանոթանալ այս ոլորտին, տեսնել և հասկանալ, թե ինչ է այն իրենից ներկայացնում և կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում: Այսինքն կարելի է ասել, որ ծրագիրը կադրային շատ լուրջ խնդիր է լուծում»,- մանրամասնեց նա:

ԻՏՁՄ-ն նախաձեռնել է «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագիրը, որի նպատակն է տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին կապել Հայաստանի դպրոցների հետ, բարձրացնել ոլորտի հետաքրքրությունը դպրոցականների շրջանում։ Ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները պարբերաբար այցելում են դպրոցներ, ինչպես նաև հյուրընկալում դպրոցականներին, նրանց համար բացահայտում բարձր տեխնոլոգիական ոլորտը։