«Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրն ընդլայնում է մասշտաբները

«Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրն ընդլայնում է մասշտաբները

«Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը 6 ամիս տևողությամբ ծրագիր է, որի ընթացքում նախկին զինծառայողները սովորում են ծրագրավորման լեզուներ, ինչպես նաև մասնագիտական անգլերեն: Նպատակն է զինծառայություն անցած երիտասարդների սահուն ինտեգրումը, ՏՏ ոլորտում աշխատանքով ապահովելը, դրանով էլ այս թիրախային խմբի արտագաղթելու հավանականությունը նվազեցնելը:

Այն նախաձեռնել և իրականացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ապրիլյան մարտերից հետո:Առաջին փորձարարական փուլը մեկնարկել է օգոստոսին` Մերգելյան ինտսիտուտի տարածքում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում:

Ծրագրին մասնակցել են 10-15 զորացրված երիտասարդներ, այդ թվում և ապրիլյան քառօրյա մարտերի մասնակից տղաներ: Նրանք ուսումնառությունն ավարտելուց հետո կանցնեն 1 ամիս տևողությամբ փորձաշրջան ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում, որտեղ էլ կամրապնդեն գիտելիքները և արդեն հստակ ուղղությամբ կշարունակեն աշխատել ոլորտում:

Ծրագրի մասնակից Հովհաննես Մկրտչյանը ծնկի և ուսի վիրավորում է ստացել Թալիշում ապրիլյան մարտերի ժամանակ, հուլիսին զորացրվել է և դեռ բուժումը չավարտած դիմել է «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրին: Ittrend-ի հետ զրույցում պատմեց ձեռք բերած գիտելիքների և իրենց իսկ նախաձեռնությամբ պատրաստած նոր web կայքի մասին, որը կներկայացնի «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը:

unnamed-4

Քսանամյա Արմեն Դերիկյանը, ով ապրիլին ծառայում էր Մարտակերտում, այս ծրագրի շնորհիվ արդեն ծրագրավորում և ռոբոտաշինություն է դասավանդում Երեւանի թիվ 197 միջնակարգ դպրոցի «Արմաթ» լաբորատորիայում: Նա մասնագիտությամբ ծրագրավորող է, ներկայումս սովորում է Հայաստանի ազգային Պոլիտեխնիկական համալսարանում:  Նրա խոսքով սա լավ հնարավորություն է դրսևորվելու. «Շատ լավ մասնագետներ են մեզ դասավանդում, սրտացավ են վերաբերվում, փորձում էին ամեն ինչ տալ, ինչ գիտեն: Ընթացքում, երբ արդեն արդյունքներ գրանցեցինք, ինձ «Արմաթից» առաջարկեցին, որ դառնամ խմբակավար և հիմա դասավանդում եմ Scratch, ունեմ 2 խումբ, ամեն մեկում 30 երեխա»:

ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը խիստ կարևորեց այս դասընթացների իրականացումը հատկապես զինծառայության ընթացքում. «Կարծում եմ անհրաժեշտ է այս դասընթացներն իրականացնել անմիջապես զինծառայության ընթացքում, որպեսզի երիտասարդները զորացրվելուց հետո անմիջապես մտնեն աշխատանքի»:  Նրա խոսքով մյուս տարի՝ հունվարին նախատեսում են ընդլայնել ծրագրի մասշտաբները, որը հնարավորություն կտա ավելի քան 80 զորացրված երիտասարդների մասնակցել ծրագրին, ինչպես նաև այն տարածել Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքում:

Նշենք, որ ծրագրին կարող են միանալ բոլոր քաղաքացիները՝ հանգանակություն կատարելով 1930052916980200 հաշվեհամարին: «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրին միանալու ցանկություն ունեցող նախկին զինծառայողները կարող են կապ հաստատել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) հետ: