Փաստաթղթերի սկանավորման լավագույն հավելվածները

Փաստաթղթերի սկանավորման լավագույն հավելվածները

Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով փաստաթղթերի, նկարների համար նախատեսված լավագույն սկանավորող հավելվածները` նախատեսված iOS և Android համակարգերի համար:

CamScanner (Android, iOS)

Գինը` անվճար

Սա ամենատարածված հավելվածներից մեկն է:  Այն կարողանում է կտրել և այլ գործիքներով խմբագրել արված լուսանկարը, պահպանել JPEG կամ PDF ֆորմատով: Սկանավորած նկարն ամպային ռեժիմում պահպանելու հնարավորություն ունի, որը հասանելի է գրանցված օգտատերերին: Այն ունի վճարովի ֆունկցիաներ, օրինակ պրեմիում-հաշվից օգտվելիս՝ վճարելով $4,99 ամսական կամ $40 տարեկան, կարելի է  օգտվել հավելյալ գործառույթներից, այդ թվում՝ տեքստի ճանաչումից:

Genius Scan (AndroidiOS)

Գինը` անվճար

Genius Scan-ը բավականին արդյունավետ և պարզ հավելված է, այն  ունի նկարի խմբագրման, կտրման և այլ ֆունկցիաներ: Հավելված ինտեգրված է Box, Dropbox, Evernote, Expensify, Facebook, Google Drive, OneDrive, OneNote, FTP, SugarSync, Twitter, WebDAV և այլ ամպային ծառայությունների ու հավելվածների հետ:

Evernote Scannable (iOS)

Գինը` անվճար

Շատերը ծանոթ կլինեն միայն iOS հմակարգի համար թողարկված Scannable հավելվածին: Այստեղ նույնիսկ որևէ կոճակ սեղմելու կարիք չկա, պետք է պարզապես տեսախցիկը պահել փաստաթղթի վրա և վերջ, այն ավտոմատ կերպով սկանավորում է և պահպանում սկանավորման պատուհանում, որտեղ էլ կարելի է խմբագրել ստացված նկարը և տեղադրել Evernote-ում: Յուրահատկություններից մեկն էլ բիզնես այցեքարտերը կոնտակտի է վերածող ֆունկցիան է:

FineScanner (AndroidiOS)

Գինը` անվճար

ABBYY ընկերության FineScanner-ը սկանավորող լավագույն հավելվածներից է: Կարևոր փաստաթղթեր, անդորագրեր, նկարներ, ձեռագիր գրվածքները արագ և հեշտ կարելի է թվայնացնել և պահպանել PDF ֆորմատով: Հավելվածը թույլ է տալիս նաև բազմաէջանոց PDF  ֆայլեր ստեղծել, այսպիսով մեկտեղել թվայնացված էջերը:

PhotoScan (AndroidiOS)

Գինը` անվճար

PhotoScan-ը այս տարի Google-ի թողարկած  հավելվածն է, որը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում թվայնացնել հին լուսանկարները: Մի քանի վայրկյանում PhotoScan-ը սմարթֆոնի տեսախցիկով,  թղթե լուսանկարի 4 անկյունները նկարելուց հետո, մշակում է այն, թվայնացնում նկարը առանց ավելորդ փայլի:  Ինչպես նաև հավասարեցնում է նկարի անկյուններն  ու շրջում ճիշտ ուղղությամբ: Թվայնացրած նկարները կարելի է պահել Google Photo-ում:  PhotoScan-ից բացի թվայնացման լավ գործիք է Google Drive-ի սկաները: