10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումն սկսված է

10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումն սկսված է

10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումն սկսված է:  «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» խորագրով 2-օրյա ֆորումի պաշտոնական մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ԴիջիԹեք բիզնես ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձը.  «Չափազանց մեծ է ԴիջիԹեք բիզնես ֆորումի դերը, որը 2008 թ-ից ի վեր հիանալի հարթակ է ՏՏ ընկերությունների համար՝ մասնակցելու Հայաստանի տնտեսության զազրգացման գործում: Այս տարի ևս ակնկալվում է այստեղ գտնել խելացի լուծումներ խոլացի բիզնես համար»:

Վարչապետը նաև կարևորել է Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի մեկնարկը և նշել, որ սա մեծ հաջողություն է Հայաստանի համար՝ երկրի տեխնոլոգիական ապրանքանիշի առաջխաղացման և Հայաստանն աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա դիրքավորելու առումով:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance – WITSA) նախագահ Իվոն Չիուն, միևնույն կառույցի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոյզանթը: Միջոցառմանը կմասնակցեն նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, ՏՏ և բիզնեսի այլ ճյուղերի ներկայացուցիչներ:

Բիզնես ֆորումի օրակարգի առաջին թեման 2019 թ-ին Երևանում  WITSA-ի կողմից կազմակերպվող ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies – WCIT) նախապատրաստական աշխատանքների մեկնարկն էր և բրենդինգի ներկայացումը:

itTrend-ի հետ զրույցում Կարեն Վարդանյանը նշեց, որ այս տարի գլխավոր թեմաներից է շարունակում մնալ ՏՏ լուծումների կիրառումը ռազմարդյուանբերության մեջ և այս տարին բացառիկ է WCIT աշխատանքների մեկնարկով: Համաշխարհային թրենդներից ելնելով՝ ավելացել է արհեստական բանականության թեման:

Բիզնես ֆորումի օրակարգային մյուս թեմաներն են.

  • ՏՏ լուծումներ` Հայաստանում տուրիզմը խթանելու նպատակով

  • ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության բարձրացում ՏՏ լուծումների միջոցով

  • Տեխնոլոգիական ոլորտի և ՀՀ ԶՈւ համագործակցության խնդիրներ և ձևաչափեր

  • Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար

  • Կիբերանվտանգության ազգային ստանդարտի մշակում

  • Հայմեփ. համահայկական ներուժի ցանց

  • Վերականգնվող էներգիա և բնապահպանություն

  • Պետական համակարգերի կառավարում

  • Արհեստական ինտելեկտի զարգացումը Հայաստանում և կիրառումը բիզնեսում

Հավելենք, որ «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող ԴիջիԹեք բիզնես ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի միակ միջոցառումն է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի, բիզնեսի այլ ճյուղերի և կառավարության հետ երկխոսության համար: Միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:

Ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի բիզնես ֆորումի գործընկերն է Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: ԴիջիԹեք բիզնես ֆորումի օրակարգը և հավելյալ տեղեկատվություն ներկայացված է www.businessforum.am կայքում:

Նունե Գրիգորյան