Հայկական OnQuark ստարտափը կմասնակցի Ռիգայում կայանալիք Techchill միջոցառմանը

Հունիսի 27-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կայացավ զարգացման սկզբնական փուլում գտնվող ստարտափերի համար նախատեսված «Investor and mentorship day» միջոցառումը։

Եվրոպական հայտնի Startup Wise Guys աքսելերատորի հիմնադիրները, ֆրանսիական Startdoon ներդրումային նախաձեռնության հիմնադիրները և հայկական ստարտափերում ներդրումներ կատարող smartgate.vc վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչները մի ամբողջ օր անհատական հանդիպումների ձևաչափով (office hours) աշխատեցին ընտրված 13 ստարտափերի հետ, որոնք ներկայացնում էին ինչպես B2B, այնպես էլ B2C լուծումներ։

StartDoon ներդրումային նախաձեռնության և Startup Wise Guys աքսելերատորի փորձառու 5 մասնագետներն աշխատեցին նրանց պրոդուկտի զարգացման պլանի, շուկայի ռազմավարության և  pitch deck-ի վրա, որի անմիջական ներկայացումը տեղի ունեցավ նույն օրը կայացած ստարտափերի Pitch Battle-ի ժամանակ։

«Այս փուլում գտնվող ստարտափերը մեծապես կարիք ունեն մասնագիտական ուղղորդման և մենթորության, որի շնորհիվ նրանցից շատերը կկարողանան ճիշտ ընտրել իրենց գաղափարի թիրախային լսարանը, պրոդուկտի առանձնահատկությունները և հասկանալ իրենց հետագա քայլերը մոտակա մի քանի ամիսների ընթացքում: Միջոցառմանը մասնակցելու համար դիմել էին 30-ից ավել ստարտափեր, որոնցից 13-ը միջոցառման ընթացքում ստացան շատ կարևոր խորհուրդներ և մասնագիտական ուղղորդում»,- նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Միջոցառման ընթացքում StartupWiseGuys աքսելերացիոն ծրագրի նախորդ տարվա մասնակից Inapptics ստարտափը մասնակիցների հետ կիսվեց իր հաջողության պատմությունով:

Հաճախորդների սպասարկման ոլորտում հետաքրքիր լուծում առաջարկող  OnQuark սթարթափը հնարավորություն ստացավ մասնակցելու  Ռիգայում կայանալիք Techchill միջոցառմանը, որի ժամանակ կկարողանա հանդիպել պրոֆեսիոնալ մենթորների հետ, ինպես նաև ներկայացնել պրոդուկտը եվրոպական և բալկանյան երկրների ներդրողներին։

LiveBoard սթարթափը, որն առաջարկում է բազմաֆունկցիոնալ կենդանի գրատախտակ, հնարավորություն ստացավ մասնակցելու Startup Wise Guys աքսելերացիոն ծրագրի ընտրական գործընթացին:

 

Նունե Գրիգորյան