Երևանում բացվել են արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառները

Երևանում բացվել են արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառները: Հուլիսի 7-ին ԵՄպատվիրակության ղեկավար, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին փորձարկեց արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառը:

Կանգառները գտնվում են Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում և թույլ են տալիս մայրաքաղաքի բնակիչներին և այցելուներին՝ անվճար լիցքավորելու բջջային հեռախոսները և թվային այլ սարքավորումներն արևային էներգիայով: Յուրաքանչյուր կանգառ կարող է ամբողջովին լիցքավորել օրական 24 հեռախոս:

Մեկ հեռախոսը լիցքավորելու համար անհրաժեշտ է 5 Վտ հզորությամբ էլեկտրական հոսանք:  Լիցքավորման տևողությունը կախված է հեռախոսի և այլ սարքավորումների ապրանքանիշից և տեխնիկական տվյալներից:

Արևային վահանակները հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ՝ երկրում վերականգնվող էներգիայի օգտագործումը խթանելու համար:

«Հայաստանում էներգետիկ ոլորտը առաջնահերթություն է և կշարունակի հետագայում էլ առաջնային լինել Եվրոպական միության համար: Այն օգնում է դիմակայել տնտեսական աճի հիմնական խոչընդոտներին, բարելավել մարզերում ապրող բազմաթիվ հայերի կենսապայմանները, ինչպես նաև նվազեցնում է էներգետիկ կախվածությունը»,-նշել է Պյոտր Սվիտալսկին:

«Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով մեկշաբաթյա նախաձեռնությունն անցկացվում է Երևանում և մարզերում հուլիսի 3-ից 7-ը Հայաստանում ԵՄ պատվիրակության, գործընկեր կառույցների և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի նախաձեռնությամբ: