Որքանո՞վ է ապահով iPhone X-ի Face ID-ն

Սեպտեմբերի 12-ին Apple-ը ներկայացրեց iPhone X-ը՝ Face ID տեխնոլոգիայով, որի շնորհիվ հնարավոր է սմարթֆոնը արգելաբացել դեմքով: Սա թերևս ընկերության ամեագլխավոր նորարարություններ էր iPhone-ում:

Wired-ը գրում է, որ այս տեխնոլոգիան, ինչպես նմանատիպ բոլոր կենսաչափական նույնականացման տեխնոլոգիաները, խոցելի են և ինչ-որ պահի կգտնվի խաբելու միջոցը:

Վերջին տարիներին հաքերները հաջողությամբ կարողանում են կոտրել դեմքի ճանաչման բազմապիսի տեխնոլոգիաներ: Մի դեպքում բավական է միայն օգտատիրոջ լուսանկարը կամ էլ վերջինիս մասնակցությամբ տեսանյութը:

Այնուամենայնիվ FaceID-ն կոտրելն այնքան էլ հեշտ չի ստացվի, նոր iPhone-ն օժտվել է TrueDepth հատուկ ինֆրակարմիր համակարգով: Այն ստեղծում է օգտատիրոջ դեմքի եռաչափ մոդելը՝ պրոյեկտելով 30 հազար անտեսանելի կետից բաղկացած ցանց դրա վրա:

Անվտանգության փորձագետ Մարկ Ռոջերսն առաջինն է կոտրել iPhone 5s-ի և iPhone 6-ի Touch ID-ն՝ մատնահետքով նույնականացման համակարգը: Նա համոզված է, որ վաղ թե ուշ գերանվտանգ համարվող Face ID-ն նույնպես կկոտրվի: Նա ենթադրում է, որ բավական կլինի միայն եռաչափ տպիչով ստանալ օգտատիրոջ դեմքի մոդելը: Այս մեթոդով նախկինում խաբել են Windows Hello-ի նույնականացման համակարգը: Apple-ը պնդում է, որ Ռոջերսը զուր է անհանգստանում:

Այնուամենայնիվ, մասնագետները նշում են, որ մեկ անգամ Face ID-ով պաշտպանվող այֆոնը կոտրելու փորձը կարելի է կրկնել կրկին ու կրկին: Ի տարբերություն սովորական գաղտնաբառի՝ դեմքը փոխելն արագ ու միանգամից չի ստացվի: Սա համարվում է կենսաչափական տեխնոլոգիաներով պաշտպանվող սարքերի թերություններից մեկը: Սոցցանցերում սելֆիների ու նկարների ակտիվ հրապարակումը ավելի է հեշտացնում գործը, միայն անցյալ տարի հաջողվել է կոտրել 5 տարբեր համակարգեր՝ ստեղծելով դեմքերի 3D մոդելներ հենց ֆեյսբուքյան նկարներից:

Գերմանացի հաքերներին էլ այս տարի հաջողվել էր կոտրել Samsung Galaxy S8-ի աչքի սկանավորման նույնականացման համակարգը: