«Մերգելյան ակումբը» վերադառնում է նոր ձևաչափով

«Մերգելյան ակումբ 2017»-ն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը, ՏՏ ոլորտում նորարարության խթանմանը և մրցունակ գաղափարների ձևավորմանն ու մշակմանը:

Ծրագիրը պայմանականորեն բաղկացած է երկու մասից. 1-ին հատվածը կրում է «Leadership and Management» անվանումը, որի ընթացքում ոլորտի մասնագետները մասնակիցների հետ կկիսվեն տեսական գիտելիքներով: Ծրագրի երկրորդ հատվածը կմեկնարկի հաջորդ տարի. դրա շրջանակներում կձևավորվեն թիմեր և կիրականացվի գաղափարների աքսելերացիա:

«Մերգելյան ակումբ 2017» ծրագրի հիմնական նպատակն է կրթել և աջակցել նորարարական սթարթափ գաղափարներ ունեցող երիտասարդներին՝ ձևավորելով բիզնես սկսելու և բիզնեսի շարունակականության ապահովման համար անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով օժտված նոր սերունդ։

Ծրագիրը մեկնարկում է հոկտեմբերի 3-ին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանի «From Good To Great» ելույթով: Բոլոր ցանկացողները կարող են միանալ՝ գրանցվելով այստեղ:

Նշենք, որ «Մերգելյան ակումբ» նախագիծը 2015 թ.-ից իրականացվում է «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» (NTEF) բարեգործական հիմնադրամի կողմից՝ TSD ընկերության հետ համագործակցությամբ։ Նախորդ տարվա ընթացքում կազմակերպվել է ավելի քան 80 հանդիպում: