Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում պաշտոնապես բացվել է Yandex դպրոցը

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում պաշտոնապես բացվել է Yandex դպրոցը

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել Yandex ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը: Այստեղ ավագ դպրոցականները կստանան ծրագրավորողի բազային հմտություններ: Ծրագրավորմանը նրանք կծանոթանան աշխարհում ամենատարածված Python լեզվի օրինակով, որն ընկալման համար բարդ չէ և հնարավորություն է տալիս լուծել բազմաթիվ խնդիրներ:

Դասընթացի ծրագիրը մշակված է Yandex-ի տվյալների վերլուծության դպրոցում և այն նախատեսված է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր հետաքրքրված են մաթեմատիկայով և տեղեկատվական տեխնոլոգիաներով:

Դպրոցում սովորելու հայտ է ներկայացրել 99 աշակերտ, որոնցից 27-ը հաջողությամբ անցել են թեստավորման և հարցազրույցի փուլերը: Մեկ տարի տևողությամբ դասընթացները մեկնարկել են հոկտեմբերի 4-ին, դրանք կվարեն Գյումրու մասնագետները, ովքեր վերապատրաստվել են Yandex-ում: Ուսուցումն անվճար է:

This slideshow requires JavaScript.

«Վանաձորում բացելով ծրագրավորման դպրոց՝ մենք տեսանք, թե ինչպիսի խանդավառությամբ են սովորում երեխաները եւ թե ինչպես են արդեն մի քանի ամիս անց ստեղծում իրենց առաջին ծրագրերը: Հույս ունենք, որ մեր նոր դպրոցը Գյումրիում կօգնի այստեղի ավագ դասարանների աշակերտներին յուրացնել այն մասնագիտությունը, որը դառնում է աշխարհում ամենապահանջվածը»,- ասել է «Յանդեքս.Տաքսի» ընկերության միջազգային զարգացման ծառայության ղեկավար Մուշեղ Սահակյանը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հույս է հայտնել, որ Վանաձորի հաջող օրինակը կկրկնվի նաև Գյումրիում:

«Կարևոր է, որ կազմակերպիչները որոշեցին ծրագիրը իրականացնել նաեւ Գյումրիում, քանի որ հատկապես մարզերի դպրոցականներին անվճար հիմունքներով արդի ծրագրավորման լեզուները հասանելի դարձնելը կարևոր է մեր պետության համար: Համագործակցության ընթացքում խիստ կարևորում ենք մասնավոր հատվածի ներգրավվածությունը, որը կնպաստի ծրագրի կայուն զարգացմանը»,- նշել է նա:

Նշենք, որ Yandex դպրոցը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գործում է  այս տարվա հունվարից: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գտնվող Ծրագրավորման դպրոցը Yandex ընկերության և ՁԻՀ համատեղ նախագիծն է: