Ucom-ի աջակցությամբ գործարկվել է ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Ucom-ի աջակցությամբ գործարկվել է ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Օրերս Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն»  և  «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը:

Պորտալը արտադպրոցական կրթական միջավայրում STEM կարողությունների (Science, Technology, Engineering, Mathematics`գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն,  մաթեմատիկա) զարգացման  ծրագրի  հիմնական ուղղություններից է: Ծրագրի նպատակը STEM կարողությունների զարգացման նոր մոդելի ստեղծումն է կրթության, գիտության և բիզնեսի արդյունավետ համագործակցության ու հնարավորությունների համատեղման միջոցով:

«Այն խնդիրը, որի հետ հաճախ ենք առնչվել ու ցանկանում ենք լուծել այս կայքի միջոցով, ինտերնետի առկայության պարագայում որոշակի չափով լուծում ենք: Շատ հաճախ, երբ մարզերում ու հեռավոր գյուղերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ ենք այցելում, նկատում ենք դպրոցներում ուսուցչական կազմի խիստ պակաս: Այս կայքն ստեղծված է հենց այսպիսի բնակավայրերում ապրող երեխաների մոտ գիտելիքի պակասը լրացնելու և հմտությունները զարգացնելու համար», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«STEM ծրագրի առավելություններից մեկն այն է, որ երեխաները համակարգչից կօգտվեն ոչ միայն խաղալու, այլև կարևոր գիտելիքներ ստանալու համար: Այն, ինչ չեմ հասցրել սովորել, հասկանալ կամ ընկալել ֆիզիկայի կամ մաթեմատիկայի դասի ընթացքում, կարող եմ տանը այդ կայքում գտնել, մի քանի անգամ դիտել, հասկանալ», – նշել է Վանաձորի Գ. Չաուշի անվան թիվ 24 դպրոցի աշակերտուհի Միլենա Խոյաթյանը:

«Կայքի հետ ծանոթացա ու կարող եմ առանձնացնել բնագիտական հոսքի առարկաների վերաբերյալ նյութերի առկայությունը: Կարևոր է, որ աշակերտները հնարավորություն ունենան թերի մնացած գիտելիքը լրացնել ինքնուրույն, ընդ որում՝ հայալեզու տեսանյութերի ու բացատրական հոդվածների միջոցով: Ռոբոտաշինության, ծրագրավորման վերաբերյալ նյութերի կողքին զետեղված է նաև աստղագիտությանը վերաբերող տեղեկատվություն, որը՝ որպես առարկա, ցավոք, դուրս է մնացել դպրոցական ծրագրից», – մանրամասնել է Վանաձորի Գ. Չաուշի անվան թիվ 24 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Արմինե Չատինյանը:

«Ծրագրի շրջանակներում գործելու են ծրագրավորման, տիեզերագիտության, մաթեմատիկայի, թռիչքային ապարատների նախագծման կիրակնօրյա ակումբներ: Դրանց արդյունքում ձևավորված կիրակնօրյա դպրոցի դասընթացները կհեռարձակվեն STEM ալիքով և հասանելի կլինեն Հայաստանի բոլոր դպրոցականների համար», – հավելել է STEM ծրագրերի կենտրոնի ղեկավար Հայկազ Բաղյանը:

Թեգեր: STEM, Stem.am, Ucom