Energy Globe. հայ ինժեներները մշակել են արևային մարտկոցների նորարար համակարգ

Energy Globe. հայ ինժեներները մշակել են արևային մարտկոցների նորարար համակարգ

Հայկական Energy Globe սթարթափը մշակել է արևային էներգիայի արտադրության նորարար աղբյուր։ Հարթ արևային պանելների փոխարեն` սթարթափն առաջարկում է գնդաձև համակարգ, որի միջոցով կարելի է ստանալ էլեկտրաէներգիա և տաք ջուր։

itTrend.am-ի հետ զրույցում hամահիմնադիր Դավիթ Ղարիբյանը պատմել է սթարթափի գաղափարի, իրենց պրոդուկտի առանձնահատկությունների և արտադրական փուլի մասին.

«Մենք ստեղծել ենք արևային մարտկոցների նոր համակարգ, որը հարթ արևային համակարգերի փոխարեն գնդաձև է, այսինքն` արևային էլեմենտները տեղադրված են գնդի մեջ։ Լույսը, որ հարթ արևային պանելի վրա ընկնելով մի մասը կլանվում, մյուս մասն անդրադառնում ու կորում է, մեր դեպքում անընդհատ անդրադառնում է ու մնում է գնդի մեջ»։

Դավիթը որպես առավելություն առանձնացնում է համակարգի փոքր տարածք գրավելը և բազմաֆունկցիոնալությունը։ «Եթե տանը պետք է ավելի շատ հզորություն կամ և՛ էլեկտրաէներգիա, և՛ տաք ջուր, ապա պետք է տեղադրել երկու համակարգ։ Մեր արևային գնդի արտաքին շերտը ռադիատորներ են, որոնք իրենց մեջ ջուր են պարունակում, որպեսզի արևային մարտկոցները չտաքանան։ Ընթացքում ջուրը տաքանում է, այսպիսով դառնում է երկուսը մեկում համակարգ` ունենում ենք և՛ էլեկտրաէներգիա, և՛ տաք ջուր»,– ասում է նա։

Energy Globe-ի գաղափարն առաջացել է 4 տարի առաջ և սկսել են այն կյանքի կոչել ուսանող ընկերներով։ Համահիմնադիրը և տեխնիկակական թիմի պատասխանատուն Տիգրան Մանուկյանն է։ Թիմում ընդգրկված են մաքեթինգի ու բիզնես առաջխաղացման մասնագետներ։ Դավիթի խոսքով` հենց սկզբից ցանկացել են ստեղծել այնպիսի պրոդուկտ, որն ամբողջ աշխարհում բացառիկ կլինի.

«Այս տարիների ընթացքում ուսումնասիրել ենք շուկան, խոսել Հայաստանում լավագույն ինժեներների հետ, մեզ համար կարևոր էր նրանց կարծիքները։ Եղան մարդիկ, ոնքեր հավանություն տվեցին մեր գաղափարին և հիմա սպասում են վերջնական պրոդուկտին, մի մեծ հատված էլ չէր հավատում, որ կարող է ստացվի։

Առաջին նախատիպը փորձարկվել է մոտ 5 անգամ լաբորատոր պայմաններում, տարբեր եղանակային պայամաններում։ Մի քանի մրցույթներում հաղթելուց հետո ANEL լաբորատորիան մեզ աջակցեց և իրենց հետ աշխատելով`ստացել ենք beta–տարբերակը, որը փորձարկել ենք արդեն իրական պայմաններում ու ստացել ենք մեր նախանշածին գրեթե մոտ արդյունքներ»։

This slideshow requires JavaScript.

Այժմ թիմն աշխատում է պրոդուկտն արտադրական մոդելի բերելու ուղղությամբ։ Արտադրություն սկսելու համար իրենց հաշվարկներով մոտ 8,500 դոլար ներդրում է հարկավոր, որով կձևավորեն վերջնական մոդելը, տեսքի ու չափերի փոփոխություներ նույնպես կլինեն։

«Մեր պրոյեկտը համեմատաբար դանդաղ է առաջ շարժվում, բայց այն ժամանակը, որը ծախսում ենք սրա վրա կարող է դառնալ մեծ վաճառքներ ունեցող բիզնես։ Նախանական հաշվարկներով` 1 Կվտ–ի արժեքը կկազմի մոտ 1000–1100 դոլար, 1 Վտ–ի դիմաց` 1– 1,1 դոլար։ Շուկայում ալտերնատիվ տարբերակներ կան, որոնց գնային արժեքը 1 – 1,4 դոլար է կազմում միայն հոսանք ստանալու դեպքում»,– ասում է Դավիթը։

Նշենք, որ Energy Globe-ը մասնակցել է տասնյակ մրցույթների։ 2016–ին հաղթել են Sevan Startup Summit-ի գլխավոր մրցանակը, 100 գաղափար Հայաստանի համար մրցույթում, Climate Launchpad-ի տեղական փուլում։ Նախորդ տարի մարտին սթարթափը մասնակցել է VEF 2017-ին (Vienna Energy Forum): STEP 2017 վենչուրային մրցույթում Energy Globe-ն ընդգրկվեց հաղթող 5 թիմերի կազմում։