Նարեկ Վարդանյանը` քրաուդֆանդինգի հաջողության կարևոր բաղադրիչների ու առանձնհատկությունների մասին

Նարեկ Վարդանյանը` քրաուդֆանդինգի հաջողության կարևոր բաղադրիչների ու առանձնհատկությունների մասին

Քրաուդֆանդինգ հարթակներում ներկայացված են հազարավոր նոր պրոդուկտներ ու գաղափարներ ստեղծարար անհատների ու ընկերությունների կողմից։ Սա յուրահատուկ դրամահավաք է, ֆինանսների հայթաթման գործիք, որն ունի բազմաթիվ նրբություններ և հաջողելու ցածր հավանականություն։ 

Քրաուդֆանդինգի հաջողության կարևոր բաղադրիչների ու առանձնհատկությունների մասին զրուցել ենք քրաուդֆանդինգի մասնագետ, The Crowdfunding formula–ի հիմնադիր Նարեկ Վարդանյանի հետ։ FoundR ամսագրի տվյալներով` նա ընդգրկված է աշխարհում քրաուդֆանդինգի 15 լավագույն փորձագետների ցանկում։

Ինչպե՞ս եք սկսել Ձեր կարիերան ՏՏ ոլորտում և ինչպե՞ս եկաք այն մտքին, որ պետք է մասնագիտանաք հենց քրաուդֆանդինգի ուղղությամբ:

-Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, միջազգային հետազոտական ընկերություններում եմ աշխատել, 2012-ից iDram-ում սկսեցի աշխատել: Քրաուդֆանդինգի մասին տեղեկացա այդ ընթացքում։ Բավականին հետաքրքիր էր այդ ֆենոմենը, թե ինչպես է այն կատարվում ամբողջ աշխարհում ու ինչպես են մարդիկ հետաքրքիր գաղափար ունենալով` նախատիպ պատրաստում ու իրենց արտադրանքը հանում գլոբալ շուկա:

Այդ ամենն ինձ տարավ լրիվ ուրիշ աշխարհ, ՏՏ աշխարհն ինձ սկսեց գրավել ու ես որոշեցի որ սա է ապագան: Մի նախագիծ ունեինք, որոշեցինք քրաուդֆանդինգ անել։ Սկսեցի բավականին խորությամբ ուսումնասիրություններ անել և չգտա որևէ ձեռնարկ, որը պրակտիկ խորհուրդներ կտա հաջողելու համար:

Որոշեցի ինքս հարցազրույցներ անել այն մարդկանց հետ, ովքեր հաջողել են նախկինում: Մոտ 50 հոգու համոզեցի ու խոսեցի իրենց հետ և նրանց պատմությունները պրակտիկ խորհուրդներով հավաքեցի մեկ ձեռնարկի մեջ, հրատարակեցի «Քրաուդֆանդինգի 57 գաղտնիքները» էլ. գիրքը ու վաճառքի հանեցի Amazon-ում: Ի զարմանս ինձ, գիրքը դարձավ բեսթսելեր, դրանից հետո ինձ սկսեցին շատերը դիմել որպես փորձագետի, այդ ժամանակ առանձնապես ինչ-որ իրական նախագծի չէի մասնակցել: Իմ ունեցած գիտելիքներով էքսպերիմենտալ փորձեցի ինչ-որ խորհուրդներ տալ, տեսա որ ստացվում է։ Սկսեցի միջազգային նախագծերի մասնակցել:

Որո՞նք են քրաուդֆանդինգի առանձնահատկությունները:

-Սա լրիվ ուրիշ մոտեցում է գոյություն ունեցող համակարգերից, այն դեմոկրատացնում է ապրանաքի շուկա դուրս բերելը ու ահագին հեշտացնում այդ ճանապարհը։ Եթե մարդն ունի գաղափար, ապա պետք է գնա բանկ, դիմի վենչուրային ֆոնդերին, գրանտ շահի: Բավականին բարդ ու երկար ճանապարհ է: Բացի այդ հաջողելու սուբյեկտիվ ֆակտորը մեծ է:

Քրաուդֆանդինգն այդ բոլորը դնում է մի կողմ ու հնարավորություն տալիս մարդկանց առանց միջնորդների շփվել իրենց վերջնական սպառողի՝ աջակցի հետ:

Ֆինանսական օգնությունից բացի, մարդիկ ովքեր խորանում են քրաուդֆանդինգի մեջ, հասկանում են, որ սա իրականում շուկայի հետազոտություն է։ Շատ մեծ ընկերություններ ինչպես օրինակ՝ Sony-ն, Warner Brothers-ը, որոնք ֆինանսի կարիք չունեն քրաուդֆանդինգ են անում ու հետևում արձագանքներին:

Սա նաև մեծ PR է, լրագրողներն ուշադրություն են դարձնում քո պրոդուկտին ու հեշտորեն կարող ես աշխարհի առաջատար պարբերականներում հայտնվել:

Խոսենք  քրաուդֆանդինգ հարթակների լսարանի առանձնահատկությունների մասին։

-Նրանք տարբերվում են սովորական օնլայն խանութների գնորդներից։ Հատուկ հոգեբանություն ունեցող մարդկանց  հավաքածու է։ Մարդիկ գումարը տալով պատրաստ են սպասել ամիսներ, երբեմն նաև տարիներ, այդ պատճառով նրանց անվանում ենք աջակիցներ (backers)։

Յուրահատուկ հետաքրքրություններ ունեցող մարդիկ են հավաքվել այս հարթակների շուրջ։ Օրինակ` software լուծումները, հեռախոսային ծրագրերը, application-ներն ուղղակի չեն աշխատում այս հարթակներում։ Դրան բացատրություն չկա։ Այստեղ մարդիկ նախընտրում են ավելի նյութական, շոշափելի իրեր։

Ամենակարևոր բաղադրիչները, որ պետք է ունենալ հաջող քրաուդֆանդինգ իրականացնելու համար, նաև ինչ սխալների եք հաճախ հանդիպում սթարթափների մոտ։

-Փոքր–ինչ ուսումնասիրելով՝ հասկանում ես, որ հաջողելու տոկոսը բավականին ցածր է։ 70%-ը ձախողում է, ընդամենը 30%-ին է հաջողվում հասնել իրենց նպատակին:

Շատերը մտնում են ու տեսնում են միլիոնավոր դոլարներ հավաքած նախագծեր ու քանի որ նման կայքերի ալգորիթմը ամենահաջողակներին առաջինն է ցուցադրում, չեն տեսնում դրանից հետո բացվող անդունդը, որտեղ հարյուր հազարավոր չհաջողված օրինակներ են:

Խաբուսիկ իմիջ է ստեղծում. տեսնում են մի տեսանյութ ու նկարագրություն, ինչ–որ տեքստեր ու մտածում են, որ իրենք էլ հեշտորեն կարող են անել։ Երբ խորությամբ ուսումնասիրում ես, հասկանում ես, որ կուլիսներում մի ահռելի աշխատանք կա։ Պրոյեկտի, որ մենք վերցնում ենք, նախապատրաստական աշխատանքները ամենաքիչը 3 ամիս է տևում:

Դրա մեջ մտնում է նախնական լսարան հավաքելը: Աշխատում ենք PR-ի վրա, ռազմավարություն ենք գծում, համագործակցում ենք լրագրողների հետ: Տեսանյութ նկարելիս` շատ ուշադիր հետևում ենք, քանի որ հատուկ էլեմենտներ կան, որ պետք է պահպանել: Եթե գաղափարն իսկապես տեղ ունի աշխարհում, պահանջարկ ունի, միանգամից հասկանում ես արժե այդ ապրանքը դուրս բերել, թե ոչ:

Հայաստանում հաջողված նախագծերից մեկը Volterman-ն է, պատմեք Հայաստանում գործունեության մասին։ 

-Մոտ 100-ից ավել միջազգային նախագծի մասնակցեցի: Նաև մեծ ցանկություն կար այդ փորձը Հայաստանում կիրառել, 2016-ի վերջին սկսեցինք փնտրել հետաքրքիր պրոդուկտներ այստեղ:

Ուզում էինք լուծել 2 խնդիր։ Առաջինը ցույց տալ, որ այդ ամենը հանարվոր է հենց Հայաստանում, միջազգային շուկա դուրս գալը ու շուկայում առաջինը լինելը:

2-րդ նպատակը` Հայաստանը ներկայացնեինք որպես տեխնոլոգիական մեծ հնարավորություններ ունեցող երկիր: Աշխարհի ուշադրությունը գրավել մեր կողմը։

Առաջինը Volterman–ը ստացվեց, հետո Moon-ը, հիմա մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ մեզ սկսել են դիմել մարդիկ, որոնք հիանալի գաղափարներ ունեն: Աշխարհի տարբեր ծայրերից օրական բազմաթիվ դիմումներ ենք ստանում։ Ունենք մեծ թիմ  և մեր տարբերությունը այլ գործակալություններից այն է, որ մենք կենտրոնանում ենք մի նախագծի վրա, ամբղջ ուժերը կենտրոնացնում ենք մեկի վրա։

Ինչպես նշեցիք, բազմաթիվ դիմումներ եք ստանում աշխարհի տարբեր երկրներից, իսկ ի՞նչ չափանիշներով եք գնահատում, ընտրում նախագիծը և արդեն ձեր ուժերը կենտրոնացնում տվյալ նախագծի վրա։ 

– Մի քանի հստակ մեթոլոգիա ունենք. առաջինը` էքսպերտիզան է, մենք շատ լավ ճանաչում ենք այն լսարանին, որ հավաքվում է քրաուդֆանդինգ հարթակներում։ Մեր ունեցած չափանիշներով գնահատում, տեսնում ենք, որ տվյալ նախագիծը համապատասխանում է այդ լսարանի պահանջներին։ Միանգամից անցնում ենք հաջորդ փուլին։

Շատ արագ թեստավորում ենք իրականցնում։ Պարզ web–կայք ենք պատրաստում, առաջին էջում թեթև նկարագրություն ենք դնում, տեղադրում ենք «learn more» կոճակ, որը տանում է հաջորդ էջ, որտեղ ներկայացված է ապրանքի գինը, մի քանի մանրամասներ ու «buy now» կոճակ։ Ինտեգրում ենք Google Analytics-ին ու հետևում` մարդիկ ինչ պահվածք են դրսևորում կայքում և մոտավորապես հասկանում ենք որտեղ և ինչ խնդիր կարող է լինել։ Սա իրական շուկայից վերցրած տվյալներ են։ Այս պարզ մեթոդով մեկ շաբաթում հասկանում ենք այդ նախագիծը հետաքրքրություն ունի, թե ոչ։

Ներկայումս ի՞նչ նախագծի վրա եք աշխատում

-Հենց հիմա աշխատում ենք Լոս Անջելեսից հայ երիտասարդի մշակած պրոդուկտի վրա, շների համար նախատեսված ատամները լվանալու միջոց է։ Իրականում սա լուրջ պրոյեկտ է և դեռ նախապատարստական փուլում ենք։

Ի՞նչ խնդիրներ եք տեսնում հայկական սթարթափների մոտ և ի՞նչ խորհուրդ կտաք քրաուդֆանդինգ արշավ իրականացնել ցանկացողներին։ 

-Իմ կարծիքով համար մեկ խնդիրը մարքեթինգն է, գիտելիքի պակասը այս ոլորտում։ Մեր տեղական սթարթափներին խորհուրդ կտամ նմանատիպ թեստերի միջոցով գտնել, որտեղ է իրենց խնդիրը։ Որպես կանոն խնդիրներ միշտ լինում են: Հետազոտություն անցկացնեն ու հասկանան` ինչպես իրենց պահեն և ինչ խնդիրներ լուծեն։

Նունե Գրիգորյան