Հայկական Zangi-ն Mobile World Congress-ում ներկայացնում է սեփական լուծումները

Հայկական Zangi-ն Mobile World Congress-ում ներկայացնում է սեփական լուծումները

Zangi ընկերությունը 2–րդ տարին անընդմեջ առանձին տաղավարով ներկայանում է ՏՏ ոլորտի համաշխարհային խոշորագույն ցուցահանդեսին՝ Mobile World Congress-ին։

MWC 2018-ը մեկնարկել է փետրվարի 26-ին Բարսելոնայում։ Հայաստանյան ընկերություններից Zangi-ին միակն է, որ մասնակցում  է որպես ցուցադրող։ Մինչև մարտի 1-ը ընկերությունը կներկայացնի իր նոր հեղափոխական հեռահաղորդակցման տեխնոլոգիաները, որոնք իրենց ցուցանիշով գերազանցում են հեռահաղորդակցման բնագավառի ամենախոշոր ընկերությունների արտադրանքներին։

«GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովի ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Zangi հավելվածի տաղավար, ծանոթացել ընկերության առաջարկած նորություններին:

«GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովին յուրաքանչյուր տարի ներկա են լինում աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, համաշխարհային ճանաչում ունեցող հեռահաղորդակցության ընկերությունների ղեկավարներ:

«Mobile World Congress-ը հեռահաղորդակցման ոլորտի տարվա կարևորագույն իրադարձությունն է և այն կարևոր է ոչ միայն մեզ համար, այլև Հայաստանի, որպես տարածաշրջանային ՏՏ ներուժ ունեցող երկրի: Ցուցահանդեսին մասնակցում են ոլորտի հսկաները, նախ որովհետեև մասնակցությունը բավականին թանկարժեք է, իսկ հետո պետք է համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանք առաջարկել:

Մենք միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունենք և դրա վառ ապացույցն էր նախորդ տարվա մեր մասնակցության արձագանքներն ու համագործակցության բազմաթիվ առաջարկները։ Մենք մարտահրավեր ենք նետում ոլորտի գերհզորներին ու պատրաստ ենք դիմակայել, թե մրցակիցներին և թե շուկայի հետաքրքրությունը»,- մեկնաբանում է Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը:

Ամենամյա ցուցահանդեսին այս տարի մասնակցում է ավելի քան 2300 կազմակերպություն, որոնց շարքից կարելի է առանձնացնել հետեւյալ խոշոր եւ հեղինակավոր ընկերությունները՝ MasterCard, Netflix, Facebook, PayPal, Lenovo, Verizon, Cisco Systems, China Mobile, Ericsson, Ford, Google, AT&T, D-Link Corporation, HTC, Huawei, IBM, Intel, LG, Microsoft, NEC, Nokia, Orange, Samsung Electronics, Sony Mobile, Telefónica, Vodafone, ZTE, Twilio և այլն։

Նունե Գրիգորյան