Գիտնականները վերարտադրել են հին եգիպտական քրմուհու ձայնը

Բրիտանական մի քանի համալսարանների աշխատակիցները կարողացել են վերծանել երեք հազար տարի առաջ ապրած եգիպտական քրմուհի Նեսյամունի ձայնը։ Հոդվածը հրապարակվել է Scientific Reports ամսագրում։

Եգիպտական քրմուհու ձայնի տեմբրը վերծանելու համար Հոլոուի Թագավորական քոլեջի եւ Յորքի համալսարանի հետազոտողներ անցկացրել են մումիայի համակարգչային տոմոգրաֆիա։ Մարմինը տեղադրելով ապարատում ՝ գիտնականները կարողացել են ստանալ նրա ձայնային տրակտի 3D մոդելը, որը պատճենահանվել է 3D տպիչով և միացվել արհեստական կոկորդ-սարքին, որի միջոցով էլ «ստացվել է» ձայնը։

Արդյունքում՝ գիտնականները կարողացել են ձայնագրել կարճատև ձայն, որը պատկերացում է տալիս հին եգիպտական քրմուհու ձայնի մասին ։ Նա ապրել է Ռամզես XI-ի օրոք ՝ մ. թ. ա. 1099-1069 թվականներին: : Հենց նրա ձայնն էր Սուրբ ծիսակատարությունների անբաժանելի մասը, որոնք տեղի էին ունենում Ֆիվերում գտնվող Կառնակի տաճարում։

Այս աշխատանքի հեղինակները նմանատիպ փորձարկում արել են կենդանի մարդկանց հետ և նույն մեթոդի կիրառման արդյունքում ստացել են իրատեսական ձայնային հնչյուններ։