Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի նախագծող Դեվիդ Մելիսը Arduino հարթակի հիման վրա ստեղծել է հեռախոս պատրաստելու համար անհրաժեշտ նյութեր: Նա օգտագործել է բոլորի համար հասանելի Arduino GSM Shield-ը, որը թույլ է տալիս Arduino հիմքով մեքենաներին կապ հաստատել ինտերնետի և այլ ցանցերի հետ: Մելիսը նախագծել է բոլոր անհրաժեշտ կոմպոնենտները` պարզ հեռախոս պատրաստելու համար, ներառյալ էկրանի, կոճակների, միկրոֆոնի համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը: Արդյունքում ցանկացած տեխնոլոգիաներով հետաքրքրված անձնավորություն կարող է պատրաստել յուրօրինակ հեռախոս սեփական ձեռքերով, որը կարող է ստանալ զանգեր, տեքստային հաղորդագրություններ, պահպանել կոնտակտներ և ցույց տալ ժամանակը:
Օգտագործելով պատրաստի կոմպոնենտները և ծրագրային ապահովումը` կարելի է ստանալ հեռախոսի կմախքը: Եռաչափ տպագրության միջոցով հնարավոր է նախագծել և տպագրել չկրկնվող դիզայնով հեռախոսի պատյան: Այդ ամենի ընդհանուր արժեքը կլինի մոտ 200 դոլար: Մելիսը հրապարակել է պատրաստման համար անհրաժեշտ ուղեցույցը և ծրագրային ապահովումը GitHub նախագծողների ցանցում: DIY հեռախոսի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի վեբ-կայքից:
Աղբյուր՝ theverge.com