Համացանցում հայտնվել է 43վրկ. տևողությամբ Yahoo! Voice Assistant անվանումը կրող տեսանյութ: Այն ցուցադրում է ավտոմեքենա վարող մի մարդու, ով միացրել է իր սմարթֆոնը և զրուցում է ձայնային օգնականի հետ: Սմարթֆոնի ինտերֆեյսում պատկերված է Yahoo ինտերնետ ընկերություն ապրանքանշանը:
Հիշենք, որ վերջերս Yahoo-ն գնեց սթարտափ SkyPhrase ընկերությունը, որը զբաղվում էր մարդու խոսքի ճանաչման տեխնոլոգիայի նախագծմամբ: Այս գործարքը և հրապարակված վիդեոն առիթ էր տալիս ենթադրելու, որ ինտերնետ ընկերությունը նախագծում է իր սեփական ձայնային օգնականը և պատրաստվում է մրցակցել շուկայում առկա նմանատիպ ծառայությունների՝ Siri-ի, Google Now-ի և S Voice-ի հետ:
Սակայն, ավելի ուշ հայտնի դարձավ, որ այս տեսանյութը չի համապատասխանում իրականությանը: Բանը նրանում է, որ այն պատրաստել է Robin Labs ընկերությունը, որն իրականացնում է մի նախագիծ, որի շրջանակում ընկերությունները կկարողանան օգտագործել պատրաստի հարթակ՝ սեփական ձայնային օգնականը ստեղծելու համար: Հնարավոր է, որ Yahoo! հենց այս նախագծի շուրջ հետաքրքրություն ցուցաբերած ընկերություններից մեկն է: Ինչպես նշել է Robin Labs-ի ղեկավարը, տեսանյութը շփոթմամբ է հայտնվել համացանցում:
Որևէ այլ մեկնաբանություններ այս մասին չկան: Սակայն չի բացառվում, որ Yahoo!-ն գալիք տարի ներկայացնի իր սեփական ձայնային օգնականը: