Հրապարակվել են մեծ էկրանով նոր iPhone-ի նկարներ

C Technology չինական կայքը հրապարակել է iPhone 6-ի ներքին կաղապարի լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ սմարթֆոնը կունենա 4,7 դյույմ անկյունագծով էկրան, ինչը 0,7-ով ավել է  iPhone 5/5s-ից:

Նշենք, որ Apple ընկերությունը iPhone-ի ողջ պատմության մեջ միայն մեկ անգամ է մեծացրել էկրանի չափը՝ 2012-ին թողարկելով iPhone 5: Սակայն ընկերությունը չի կարող հաջորդ սերունդների iPhone-ը թողարկել 4 դյույմ անկյունագծով, քանի որ շուկայական միտումները տանում են դեպի ավելի մեծ էկրաններ:

iphone 6-rumor

Մի քանի ամիս առաջ Wall Street Journal-ը գրեց, որ Apple-ը փորձարկում է iPhone-ի էկրան՝ 4,8-6 դյույմ անկյունագծով:

MacRumors կայքի մասնագետները, սակայն, կասկածանքով են վերաբերվում հրապարակված լուսանկարներին՝ նշելով, որ նման կաղապար օգտագործվում էր iPhone 4 և 4s սմարթֆոններում, իսկ հաջորդ սերնդի iPhone-ը պատրաստելիս Apple-ը հրաժարվեց այս կաղապարից, քանի որ ցանկանում էր նվազեցնել հեռախոսի հաստությունը:

Աղբյուրը՝ Macrumors.com