Ինչպիսին կլինեն ապագայի BlackBerry սմարթֆոնները

BlackBerry ընկերության սմարթֆոնների գլխավոր առանձնահատկությունը երկար տարիներ եղել է օգտագործման համար շատ հարմար ֆիզիկական ստեղնաշարը: Սակայն որոշ ժամանակ առաջ ընկերությունը որոշեց ետ չմնալ շուկայական միտումներից և անցավ մեծ սենսորային էկրանով սմարթֆոնների մշակմանը՝ մատնվելով անհաջողության: Այժմ ընկերության նոր գործադիր տնօրեն Ջոն Չենը կարծում է, որ Blackberry սմարթֆոնները, այնուամենայնիվ, պետք է ունենան ֆիզիկական ստեղնաշար:

Bloomberg-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ապագայում Blackberry-ի սմարթֆոնների մեծ մասը կունենա ֆիզիկական ստեղնաշար: 2013-ի դեկտեմբերին Չենը հայտարարեց Foxconn ընկերության հետ կնքած հնգամյա համաձայնագրի մասին, որի շրջանակներում Foxconn-ը կմշակի ու կարտադրի որոշ սարքեր՝ Blackberry ապրանքանիշի ներքո:

Չենը զբաղեցրել է իր պաշտոնը 2013-ի նոյեմբերին: Այժմ նա աշխատում է ոտքի կանգնեցնել ընկերությունը՝ BB OS 10 օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների ակնհայտ անհաջողությունից հետո:

Աղբյուրը՝ bloomberg.com