Huawei չինական ընկերությունը անցած տարվա հունիս ամսին ներկայացրեց Ascend P6 սմարթֆոնը, սակայն մեր շուկայում այն հայտնվեց միայն մի քանի շաբաթ առաջ:
Բնականաբար, մենք չէինք կարող անուշադրության մատնել նման իրադարձությունը: Մենք փորձարկել ենք սմարթֆոնը և այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում տվյալ սարքի տեխնիկական հագեցվածությունը և կատարողականությունը:
Մինչ սարքի տեսությանն անցնելը, առաջարկում ենք Ձեզ փոքր ծանոթանալ Huawei ընկերության անցած ճանապարհին:
Huawei Technologies-ը հիմնադրվել է 1987թ.: Ներկա պահին այն համարվում է հեռահաղորդակցության ոլորտի ամենախոշոր չինական ընկերություններից մեկը: Բացի սմարթֆոններից և պլանշետների ընկերությունն առաջարկում է նաև այլ սպառողական արտարդանքներ և լուծումներ՝ սարքավորումներ բազային և անլար ցանցերի համար, ցանցային և օպտիկական սարքեր, երթուղավորիչներ, ցանցային հաղորդիչներ և այլն:
Համաձայն Strategy Analytics ամերիկյան վերլուծական ընկերության, Huawei ընկերությունը 2013թ.-ին զբաղեցրել է երրորդ տեղը սմարթֆոնների վաճառքի ցուցանիշով՝ 50.4մլն. սարք: Չինական արտադրողը զիջել է հարավկորեական Samsung-ին (319.8մլն.) և ամերիկյան Apple-ին (153.4մլն.)
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Սմարթֆոն | Huawei Ascend P6 |
էկրան | IPS+, 4,7 դյույմ, 720х1280 կետայնություն, 312 ppi, 16 մլն գույն, in-cell |
Պրոցեսոր | Huawei K3V2 HiSilicon Hi3620 (1,5 ԳԳց, 4 միջուկ) |
Վիդեո | Vivante GC4000, 600-800 Մգց (ARM Mali-400 MP4) |
Օպերատիվ հիշողություն | 2Գբ |
Ներկառուցված հիշողություն | 8Գբ |
Ֆոտոխցիկներ | 8 Մպ ` հիմնական, ավտոֆոկուսով, 1920×1080 վիդեոյով և HDR- վիդեո համատեղելիությամբ, դիմային` 5 Մպ |
Կապի մոդուլներ | Wi-Fi 802.11 b/g/n (2 դիապազոն), Wi-Fi հասանելիության կետ, Wi-Fi Direct, DLNA, Bluetooth 3.0, 3G, GPS/ A-GPS, ГЛОНАСС |
Բնիկներ | micro USB, մուտք microSD քարտերի համար, 3.5 մմ բնիկ ականջակալների համար |
Ցուցիչներ | Լուսավորման, հեռավորության և դիրքի, թվային կոմնացույց, գիրոսկոպ |
Մարտկոց | Ֆիքսված, լիտիյ-պոլիմերային, 2000 մԱ/Ժ |
Օպերացիոն համակարգ | Android 4.2 Jelly Bean |
Չափսերը | 132.65×65.5×6.18 մմ |
Քաշ | 120 գ |
ՏՈՒՓԻ ՄԵՋ
Յուրահատուկ փաթեթավորման մեջ առկա են երեք տուփիկներ, որոնք պարունակում են`սնուցման բլոկ և սինքրոնացման մալուխ, ականջակալներ, ֆիրմային թափանցիկ սիլիկոնե սպիտակ գույնի պատյան և օգտագործողի ուղեցույց:
Կախված հեռախոսի գույնից` կոմպլեկտում ներառված են համապատասխան պատյաններ: Հիշեցնենք, որ ընկերությունը արտադրել է տվյալ սարքը երեք գունային տարբերակներով` սև, սպիտակ և վարդագույն: Չնայած որ պատյանը ավելացնում է սարքի հաստությունը, այն պաշտպանում է սմարթֆոնը հարվածներից, քերծվածքներից և ճաքերից:
ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔԸ
Ascend P6-ը անսովոր տեսք ունի: Շնորհիվ յուրահատուկ դիզայնի՝ սարքը տարբերվում է շուկայում առկա բազմաթիվ այլ Android սմարթֆոններից:
Սարքի կաղապարը ոչ սիմետրիկ է` ներքևի պլաստիկ եզրը կլորացված է: Միայն դա է արված պլաստիկից, կաղապարի բոլոր մնացյալ մասերը՝ կողմնային երիզները, ներդիրները, SIM և microSD քարտերի համար բնիկները և կառավարման ստեղները մետաղյա են:
Մետաղյա կափարիչը ձախ եզրում ոչ միայն փակում է 3.5 մմ աուդիոբնիկը, այլ նաև “սեղմակի” դեր է տանում, որի օգնությամբ կարելի է բացել SIM և հիշողության քարտերի բնիկները, որոնք տեղադրված են աջ կողմում. նույն տեղը արտադրողը տեղադրել է միացման/անջատման կոճակը և ձայնի կարգավորման ստեղնը:
Ներքևի մասում գտնվում է միկրոֆոնը, իսկ microUSB բնիկը տեղադրել են վերևի եզրում:
Փոքր հաստության և լայնության շնորհիվ 4.7 դյույմանոց էկրանով հեռախոսը հոյակապ պառկում է ափի մեջ: Իսկ քանի որ P6-ի ծածկույթը անփայլ է, այն չի սղում և չի կեղտոտվում և անգամ մատնահետքերն են քիչ հավաքում:
Huawei Ascend P6-ի արտաքին տեսքը բավական դրական տպավորություն է թողնում, և չնայած այն հիշեցնում է “խնձորային” սմարթֆոնի՝ դա միայն օգուտ է բերում սարքին, քանի որ սմարթֆոնը որակյալ և թանկարժեք տեսք ունի:
ԷԿՐԱՆ
Ascend P6-ը ստացել է որակյալ IPS-էկրան` 4.7 դյույմ անկյունագծով և 312 ppi պիքեսելների խտության HD 720p (1280×720 կետեր) թույլատրելիությամբ, ալեոֆոբիկ ծածկույթով պաշտպանիչ ապակի, ինչպես նաև multi touch տեխնոլոգիա, որը միաժամանակ մշակում է մինչև 10 հպում:
IPS-մատրիցան առաջարկում է օգտագործողներին դիտման բարձր անկյուններ, բնական գույների փոխանցում: Բարձր պայծառութան շնորհիվ, սմարթֆոնը կարելի է օգտագործել արևի ճառագայթների տակ առանց որևէ խնդրի:
Էկրանի կարգավորման մենյուում կարելի է ավելացնել սենսորի զգայունությունը, ինչը թույլ կտա օգտագործել այն անգամ ձեռնոցներով: Մենք չէինք կարող չփորձարկել տվյալ ֆունկցիան. կարող ենք ասել, որ էկրանը բավական ադեկվատ է արձագանքում ձեռնոցներով հպումներին:
Ընդհանուր առմամբ, Huawei Ascend P6-ի էկրանը միայն դրական տպավորություններ է թողել:
ՖՈՏՈԽՑԻԿ
3264×2448 կետերի մաքսիմալ թույլատրությամբ հիմնական 8-մեգապիքսել ֆոտոխցիկը հագեցած է HDR տեխնոլոգիայով (լուսանկարում անհավասար լուսավորության պայմաններում) և տեսաձայնագրման հնարավորությամբ՝ 1080p թույլատրությամբ (Full HD): Լուսանկարման լռելյայն ռեժիմը ավտոմատ է:
Ֆոտոխցիկը ներառում է գրաֆիկական էֆեկտներ, պանորամային նկարահանման ռեժիմ, ժպիտի ճանաչում և HDR:
Միակ տխրեցնող փաստը թույլ լուսավորության պայմաններում ոչ շատ որակյալ նկարների ստացումն է: Քանի որ նման խնդիր ունեն սմարթֆոնների ֆոտոխցիկների մեծամասնությունը, այն չենք դասի թերությունների շարքում:
Դիմային ֆոտոխցիկը ստացել է 5-մեգապիքսել սենսոր (2592×1952 կետայնությամբ)՝ տարբեր էֆեկտների հավաքածուով:
Ֆոտոխցիկների կառավարումը կարող է կատարվել երկու տարբերակով` էկրանին առկա պատկերակին սեղմելով և/կամ ձայնի ուժգնության կարգավորման ֆիզիկական ստեղնով:
Թերություններ, որպես այդպիսին, չեն նկատվել: Միակ դիտողությունը` տեսաձայնագրման ընթացքում լուսանկարելու անկարողությունն է:
Ընդհանուր առմամբ, երկու տեսախցիկներն էլ իրենց արժանի ներկայացրեցին ինչպես ֆոտո-, այնպես էլ վիդեոնկարահանումների ռեժիմներում:
ՁԱՅՆԸ
Երկու բարձրախոսներն էլ ապահովում են մաքուր և հավասար ձայն: Արտաքին բարձրախոսը բավական բարձրաձայն է և անգամ մաքսիմալ բարձրության վրա պարզ փոխանցում է ձայնը: Ներքին (լսողական) բարձրախոսը պարզ փոխանցում է զրուցակցի խոսքը և ապահովում է լայն սպեկտրի հաճախականությունների վերարտադրում:
Ձայնի մշակման պատասխանատուն է Dolby Digital Plus տեխնոլոգիան, որը կարելի է ակտիվացնել բրենդային աուդիոնվագարկչի ինտերֆեյսից: Բացի դրանից, նվագարկիչը դասակարգում է երգերն ըստ թղթապանակների և ստեղծում է երգացանկ:
Սարքն ունի նաև ձայնագրիչ և FM-ռադիո (87.5-108 ՄԳց): Հարկ է նշել, որ վերջինիս աշխատանքի համար պահանջվում է ականջակալների միացում. դրանք ալեհավաքի դեր են խաղում:
ՀԵՌԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ
Սմարթֆոնը աշխատում է 3G WCDMA և 2G GSM ցանցերում, սակայն չունի LTE մոդուլ: Սա թերություն չէ՝ հաշվի առնելով, որ տվյալ ձևաչափը Հայաստանում դեռ կյանք չի առել:
Հեռախոսը նաև հագեցած է անլար կապի մոդուլներով` Wi-Fi 802.11b/g/n (2.4 և 5 ԳԳց) և Bluetooth 3.0: Սմարթֆոնը չունի նաև NFC մոդուլ, սակայն դա LTE մոդուլի բացակայության պես կարևոր չէ, քանի որ մեր երկրում կրկին այն բացակայում է:
Wi-Fi Direct-ի օգնությամբ կարելի է միանալ ուրիշ սարքերին և ստեղծել Wi-Fi կետ:
microUSB բնիկն ունի OTG (USB On-the-Go), որը թույլ է տալիս դիտել ֆայլերը անմիջապես USB կրիչից և միացնել արտաքին ստեղնաշարը և մկնիկը:
Ինչ վերաբերում է կապի որակին, այստեղ նույնպես բողոքներ չկան: Օգտագործման ամբողջ ընթացքում ազդանշանի կորուստ տեղի չի ունեցել: Դա վերաբերում է ոչ միայն GSM-ին, այլ նաև բոլոր անլար ադապտերներին:
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ԹԵՍՏԵՐԸ
Ascend P6-ը աշխատում է K3V2 Hi-Silicon K3V2 սեփական արտադրության հարթակի վրա, որը ներառում է իր մեջ ARM Cortex-A9 MPCore քառամիջուկ 1.5 ԳԳց և 16 միջուկային գրաֆիկական չիփ Vivante GC4000:
Թեստավորման երկու շաբաթվա ընթացքում սմարթֆոնը, ընդհանուր առմամբ, ցույց տվեց իր դրական կողմերը: Աշխատանքի խափանում չի նկատվել: Սակայն կա բացասական կողմ. պրոցեսորը զգալիորեն տաքանում է վիդեոյի երկարատև դիտման ժամանակ և խաղեր խաղալիս: Ի դեպ, նման խնդիր ունեն նաև iPhone-ները:
Վիդեոյի վերարտադրման տեսանկյունից ոչ մի խնդիր չի նկատվել, սարքը ունի հասանելի կոդեկների և ձևաչափերի մեծամասնությունը:
Ինչ վերաբերում է խաղերին, այստեղ ամենը բավական հարաբերական է: Օրինակ, Angry Birds և Fruit Ninja դասի խաղերը “թռչում են” անխտիր, Real Racing 3-ում արտադրողականությունը քիչ ավելի ցածր է, իսկ Eternity Warriors 3 խաղերի դասում նկատվում է fps-ի անկում:
Ավելին, ներկառուցված հիշողության 8 Գբ-ից օգտագործողին հասանելի է մոտ 5-ը: Սա նշանակում է, եթե դուք երաժշտության կամ խաղերի սիրահար եք, ստիպված կլինեք ձեռք բերել ևս մեկ հիշողության քարտ:
Ինչ վերաբերում է սարքի արտադրողականությանը` ներքոհիշյալ սքրինշոթերը կպատմեն անցկացված թեստերի արդյունքների մասին.
Չի կարելի ասել, որ SoC K3V2E ցույց է տվել բարձր արդյունքներ, հատկապես այլ արտրադրողների նմանատիպ սարքերի հետ համեմատ: Սակայն, օգտագործողներն իրենք պետք է որոշեն, թե ինչ է իրենց հարկավոր`ընդլայնված ֆունկցիաներով կապի միջոց, թե համակարգիչ:
ՄԱՐՏԿՈՑ
Huawei Ascend P6-ում տեղադրված է Ֆիքսված լիտիյ-պոլիմերային մարտկոց 2000 մԱ/Ժ տարողությամբ:
Օգտագործման ստանդարտ ռեժիմում մարտկոցի լիցքավորումը ապահովում է մինչև 12 ժամ անխափան աշխատանք:
Կարդալու ռեժիմում, պայծառության միջին մակարդակի առկայութամբ, մարտկոցը սպառվեց մոտավորապես 10 ժամից:
YouTube–ում HD որակով Wi-Fi միջոցով վիդեո դիտելու դեպքում, ժամանակը սահմանափակ է 5-5.5 ժամով:
Մարտկոցի լիցքաթափման ժամանակը անդադար խաղի ռեժիմում կազմեց մոտ 3.5 ժամ:
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
Սմարթֆոնն աշխատում է Android 4.2.2 օպերացիոն համակարգում՝ Emotion UI 1.6 բրենդային ինտերֆեյսով:
Ինտերֆեյսի ընդանուր տեսքը միայն լավ տպավորություններ է թողում: Ամբողջը (և՛ ձևավորման թեմաները և՛ պաստառները) շատ գեղեցիկ, նրբագեղ և խիստ տեսք ունի:
Բոլոր ծրագրերը տեղադրված են անմիջապես աշխատասեղանին: Սմարթֆոնը հագեցած է 9 աշխատասեղանի հնարավորությամբ: Յուրաքանչյուրի վրա կարելի է տեղադրել մինչև 12 հավելված և/կամ թղթապանակ:
Կառավարումները առաջարկում են օգտագործողին երկու ներդիր` “Ընդանուր”, որի մեջ հավաքված են միայն հիմնական կարգավորումները և “Բոլորը”, որոնք առաջարկում են Android ՕՀ կառավարման ստանդարտ մենյու:
“Կառավարում” թղթապանակում տեղադրված են տվյալների պահեստային պատճեների հավելումների ստեղծման, հավելումների թույլտվության տեղադրման համար, իրավունքների և սնուցման դիսպետչերներ:
“Գործիքներ” թղթապանակը բացում է մուտք լապտերիկին, հաշվիչին, ռադիոին, ձայնագրիչին, DLNA и Polaris Office-ին:
“Ցուցասրահ”-ն առաջարկում է 4 բաժին` “Ալբոմ”, “Ժամանակ”, “Նկարահանման տեղեր” և “Մարդիկ”, ինչպես նաև վիզուալ էֆեկտների փոքր հավաքածու:
Երաժշտական նվագարկիչը կիսում է երգացանկերի, ալբոմների և երգիչների թրեքները:
Առանձին թղթապանակում հավաքված են բոլոր ամենակարևոր և անհրաժեշտ Google-ի հավելվածները:
Նույնպես արժե նշել Riptide GP ներկառուցված խաղը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Որակյալ նյութեր, բարակ կաղապար, որակյալ էկրան և խցիկներ, գեղեցիկ ինտերֆեյս:
Մի փոքր մտահոգում է ֆիքսված մարտկոցը և պրոցեսորը, որը նկատելիորեն տաքանում է խաղային ռեժիմում:
Արդար լինելու համար, կարելի է նշել, որ սովորական ռեժիմում տաքացումը գրեթե աննկատ է և չի պատճառում որևէ անհարմարություն:
Եվ ամենակարևորը` արժեքը: Huawei Ascend P6-ի մանրածախ գինը Հայաստանում կազմում է 225000 դրամ (մոտ 550 ԱՄՆ դոլար), ինչը բավական շատ է՝ համեմատած այլ արտադրողների սարքերի հետ:
Սակայն, եթե Ձեր համար կարևոր են ոչ թե յուրահատկությունները, այլ իմիջային բաղադրիչները, այս դեպքում տվյալ մոդելը հենց Ձեզ համար է, քանի որ նման գումարով պրեմիում-դասի սմարթֆոններ գնել գրեթե հնարավոր չէ:
Huawei Ascend P6 սմարթֆոնը տրամադրվել է Online Plus խանութների ցանցի կողմից, որը հանդիսանուոմ է Huawei ընկերության գործընկերը Հայսատանում: