Pepper խոսող ռոբոտն ընդունվել է ճապոնական միջնակարգ դպրոց

Խոսող Pepper ռոբոտ-հումանոիդն օրերս պաշտոնապես ընդունվել է Վասեդա ճապոնական քաղաքի միջնակարգ դպրոց: Սարքն առաջին անգամ աշխարհում կսովորի երեխաների հետ միասին: Այդ առթիվ դպրոցում կազմակերպվել էր ընդունելության միջոցառում, որտեղ աշակերտներին խրախուսել են հնարավորինս շատ օգտագործել ռոբոտի հետ շփվելու հնարավորությունը, քանզի այն շատ պետք կգա հետագա կյանքում:

Ինքը՝ Pepper-ը, հայտնել է, որ երբեք չէր մտածի, որ մի օր կընդունվի մարդկանց դպրոց, և խոստացել է ջանք չխնայել՝ ուսման մեջ իրեն լավագույնս դրսևորելու համար:

Ռոբոտը կարողանում է խոսել ոչ միայն ճապոներեն, այլև անգլերեն, այդ պատճառով ենթադրվում է, որ այն հիմնականում կօգտագործվի անգլերենի պարապմունքների ժամանակ:

Pepper-ը ստեղծվել է Aldebaran Robotics-ի և SoftBank-ի հետ համատեղ: Համաձայն արտադրողների հայտարարած կոնցեպտի՝ ռոբոտը կարող է ճանաչել էմոցիաները՝ վերլուծելով իրեն դիմած մարդու ձայնի տեմբրը և դեմքի արտահայտությունը:

Ռոբոտը նախատեսված է մարդկանց հետ համատեղ կյանք վարելու համար: Նա հասկանում է մարդկանց զգացմունքները, արտահայտում կարեկցանք, տալիս է խորհուրդներ իր տերերին և շատախոսում նրանց հետ:

SoftBank-ն օգտագործման համաձայնագրի մեջ հատուկ պարբերություն է ավելացրել, ըստ որի՝ արգելվում է ռոբոտի օգտագործումը սեռական կամ անպարկեշտ նպատակներով:

Մեկ սարքն արժե 198 իեն (մոտ 1800 ԱՄՆ դոլար): Ռոբոտին առաջին անգամ հանրությանն են ներկայացրել 2014թ.-ին, Ճապոնիայում այն վաճառքի է հանվել մեկ տարի անց:

Աղբյուրը՝ Lenta.ru