Twitter-ն իր 10-ամյակի առթիվ նոր տեսահոլովակ է ցուցադրել

Ուղիղ 10 տարի առաջ այս օրը` մարտի 21-ին, ստեղծվեց Twitter-ը: Այժմ այն ունի ավելի քան 300 միլիոն ակտիվ օգտատեր ամբողջ աշխարհով մեկ: Սակայն, ըստ ընկերության, շատերը մինչ այժմ ճիշտ չեն հասկանում այս սոցիալական ցանցի բնույթը, և ընկերությունը նոր տեսահոլովակ է թողարկել, որպեսզի շտկի այս թյուրիմացությունը:

Այս երկու րոպեանոց տեսահոլովակում ցուցադրվում են Twitter-ում տարբեր ժամանակներում լուսաբանված և ամենահայտնի նորությունները, դրանց թվում են 2011-ին սկսված Արաբական գարունը և նույն թվականին Ճապոնիայում տեղի ունեցած ցունամին: Այս ամենի հետ մեկտեղ տեսահոլովակում ընդգծված է սոցիալական ակտիվությունը Twitter-ում, հիշատակվում են այնպիսի հայտնի հեշթեգներ, ինչպիսիք են #BringBackOurGirls-ը, #blacklivesmatter-ը և #LoveWins-ը:

Պետք է նաև նշել, որ տեսահոլովակի գլխավոր հերոսը, որը շնորհակալական նամակ է գրում Twitter-ի բոլոր օգտատերերին, իր նամակի վերջում գերազանցում է իր թվիթի 140 սիմվոլների քանակը, սակայն հետո ջնջում է վերջին նախադասությունը և փոխարենը հեշթեգ ավելացնում: Սա վկայում է այն մասին, որ Twitter-ն, ի հակադրություն բոլոր լուրերի, չի պատրաստվում վերացնել 140 սիմվոլների սահմանափակումը:

Վայելեք այս փոքրիկ տեսահոլովակը, որը Ձեզ կուղեկցի Twitter-ի ողջ պատմության միջով:

Աղբյուրը` The Verge