Հունիսի 6-ին ԵՊՀ-ում կայացավ IBM Ակադեմիական նախաձեռնության շրջանակում առաջին անգամ Հայաստանում իրականացված համալսարանական դասընթացների ավարտական միջոցառումը:
Դասընթացներին մասնակցելու հնարավորություն են ստացել ուսանողներ և դասախոսներ հայաստանյան 9 բուհերից, այդ թվում`
- Երևանի պետական համալսարանից,
- Հայաստանի ամերիկյան համալսարանից,
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից,
- Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտից,
- Հայաստանում ֆրանսիական համալսարանից,
- Եվրասիա միջազգային համալսարանից,
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից,
- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից,
- Եվրոպական ակադեմիայից:
200 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների արդյունքում ավելի քան 35 ուսանողներ և 60 դասախոսներ ձեռք բերեցին ժամանակակից գիտելիքներ հետևյալ ուղղություններով`
- տեղեկատվական անվտանգություն,
- ամպային տեխնոլոգիաներ և BlueMix միջավայրում ծրագրավորման հիմունքներ,
- մոբայլ ծրագրավորում ամպային միջավայրում,
- IBM Watson-ի անալիտիկ կիրառությունը,
- վիճակագրական տվյալների վերլուծություն,
- տվյալների վերլուծություն և կանխատեսումներ IBM SPSS ծրագրի միջոցով,
- ինտեգրված էլեկտրոնային մարքետինգի հիմունքներ,
- տեղեկատվական համակարգերի կառավարում,
- բիզնես գործընթացների կառավարում և ավտոմատացում:
Դասընթացն ավարտած ուսանողների մեծ մասն անցել է աշխատանքի, իսկ մի մասը՝ ձևավորել սկսնակ ընկերություններ: Մինչև այսօր, IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում իրականացվել են ավելի քան 50 դասընթացներ և սեմինարներ՝ն երգրավելով ավելի քան 800 ուսանող և 100 դասախոս: IBM Ակադեմիական նախաձեռնության անդամ են դարձել ավելի քան 70 դասախոսներ ՀՀ տարբեր բուհերից: Կենտրոնի կողմից բուհերում իրականացվում է առարկայական ցանկերի շարունակական մոդերնիզացիա, ինչպես նաև քննարկվում է մի շարք բուհերում նոր մագիստրոսական աստիճանների ներմուծման և առկա ծրագրերի բարելավման հարցը:
Հաշվի առնելով ծրագրի հաջողությունը`IBM Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում բուհական դասընթացները կկրեն շարունակական բնույթ, ինչի մասին վկայում է IBM ISTC համալսարանական ամառային ծրագիրը, որին դիմելու վեջնաժամկետն է 2016թ. հունիսի 11–ը:
Հիշեցնենք, որ նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հիմնական նպատակն է զարգացնել ու հզորացնել ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի բարձրագույն կրթական հաստատութունների կրթական կարողությունները, ստեղծել բարենպաստ պայմաններ կայուն գործարար միջավայրի ձևավորման համար: Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը տեղակայվելու է ԵՊՀ-ի տարածքում, սակայն, ՀՀ բոլոր բուհերը և մասնավոր հատվածը կարող են ազատ օգտվել բոլոր ռեսուրսներից, այդ թվում Ակադեմիական նախաձեռնության դասընթացներից, վիրտուալ գրադարանից, Կենտրոնի ծրագրակազմից և սարքավորումներից, իսկ կենտրոնի անձնակազմը և IBM փորձագետները պատրաստ են աջակցելու ցանկացած հարցում: Կենտրոնի բացումը ակնկալավում է մոտակա ամիսների ընթացքում:
Համալսարանական դասընթացները կազմակերպվել են IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից` նպատակ ունենալով զարգացնել ու հզորացնել տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների կրթական կարողությունները, ինչպես նաև հնարավորություն ընձեռել բուհերին օգտվել IBM-ի ռեսուրսների լայն ընտրանիից:
ittrend.am-ի հարցազրույցը IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) բիզնեսի զարգացման ղեկավար Արեգ Գևորգյանի հետ կարդացեք այստեղ: